Մատչելի հղումներ

Եվրամիությունը հորդորում է հեռու մնալ Բելառուսի օդային տարածքից ու օդանավակայաններից


Եվրոպական միությունն իր անդամ պետություններին հորդորում է փակել իրենց օդային տարածքը եւ օդանավակայանները բելառուսական բոլոր ավիաուղիների համար: Նման կոչով Միությունը հանդես է գալիս այն բանից մեկ օր անց, երբ Մինսկում պարտադրեցին Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի վայրէջքը, որից հետո ձերբակալեցին օդանավում գտնվող, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վարչակարգի քննադատ մի բլոգերի:

Օդանավը Վիլնյուս էր մեկնում Աթենքից, երբ օդանավում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարությունից հետո այն ստիպված էր եղել մուտք գործել Բելառուսի օդային տարածք:

Բելառուսի կառավարությունը հայտարարում է, թե Լուկաշենկոն է հրամայել, որ ռազմական օդանավի ուղեկցությամբ մարդատար օդանավը ստիպողական վայրէջք կատարեր Մինսի օդանավակայանում:
Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ը այժմ հորդորում են Լուկաշենկոյի կառավարությանն անհապաղ ազատ արձակել քսանվեցամյա բլոգեր Ռաման Պրատասեւիչին, որը որպես փախստական մինչ այժմ բնակվում էր Լեհաստանում:

Ավելի ուշ Բելառուսը հրապարակել է մի տեսագրություն, որտեղ Պրատասեւիչը ‘’ընդունում է’’ իր դեմ հարուցված քաղաքացիական անհանգստություններ հրահրելու մասին մեղադրանքը:

Մինսկի կառավարությունը նրան մեղադրում է ահաբեկչության եւ ապստամբություն հրահրելու մեջ, երբ նախագահական ընտրություններից հետո անցյալ տարի այստեղ սկսվել էին բողոքի ցույցեր ընդդեմ Լուկաշենկոյի:

Ryanair-ն այս միջադեպն անվանում է ‘’օդային նավահենություն’’:

Air France, Lufthansa եւ Singapore Airlines ավիաընկերություններն արդեն հայտարարել են Բելառուսի օդային տարածք մուտք չգործելու իրենց որոշման մասին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օդանավի ուղղությունը փոխելու եւ այլախոհ լրագրողին ձերբակալելու քայլն անվանել է ‘’ամոթալի հարձակում ընդդեմ քաղաքական այլախոհության ու խոսքի ազատության’’:

XS
SM
MD
LG