Մատչելի հղումներ

Հակահրեական դրսեւորումներն ԱՄՆ-ում գրանցում են աճ


Հակասեմիտիզմը` հակահրեականությունը նորից տարածում է գտնում աշխարհում, ու հատկապես Միացյալ Նահանգներում: Այս մասին է հայտնում Ընդդեմ զրպարտության լիգա անվանումը կրող հրեական կազմակերպությունը: Ըստ այս խմբի, հակահրեական դրսեւորումները հատկապես մեծ թիվ են գրանցվել 2019 թվականին:

Ապրիլյան մի գիշեր անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մի տղամարդ պատուհաններ կոտրում Նյու Յորքի Ռիվերդեյլի սինագոգում, եւ այսքանով չբավարարվելով, վանդալիզմի է ենթարկում տարածքում գտնվող մի քանի այլ սինագոգներ, այդ թվում ՝ Ռիվերդեյլի հրեական կենտրոնը: Ականատեսներն ասում են, թե միայն այն փաստը, որ նա ուշադրություն անգամ չէր դարձնում վկաների վրա, ենթադրել է տալիս, որ կարող էր շատ վտանգավոր լինել:

Դա նրա երեք հարձակումներից մեկն էր, որոնք իրականացրել էր մեկ շաբաթվա ընթացքում, քարեր նետելով պատուհանների վրա: Մեկ անգամ նույնիսկ մուտք էր գործել սինագոգ:

Ինչպես Ռիվերդեյլի հրեական կենտրոնի գործադիր մարմնի անդամներից Ջոշուա Շլենգերն է ասում, իրենք այն տպավորությունն ունեն, որ հրեական համայնքն ու հաստատությունները հայտնվել են թիրախում:

Ամերիկայի հրեաների դեմ իրականացվող թշնամական գործողությունները մեկուսի չեն: Համաձայն Ընդդեմ զրպարտության լիգայի տարեկան զեկույցի, հակահրեական միջադեպեր անցյալ տարի գրանցվել են Ամերիկայի 50 նահանգներից 47-ում:

Շլենգերի խոսքերով, հակահրեականությունն ատելության հողի վրա աշխարհում ամենաերկար պատմություն ունեցող հանցագործությունն է, ինչը, ըստ նրա, իրենց ուղեկցելու է ընդմիշտ:

2019 թվականին, ըստ Լիգայի, տեղի է ունեցել 2100 միջադեպ միայն Միացյալ Նահանգներում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1970-ականներից գրանցումներ կատարելուց ի վեր:

Համավարակի պայմաններում ատելությունն ընդդեմ հրեաների դրսեւորվել է ավելի շատ առցանց եղանակով: Ըստ հարցման, հրեաների 36 տոկոսն այստեղ անցյալ տարվա ընթացքում ստացել է առցանց սպառնալիքներ:

Սոցցանցերից Facebook-ը եւ Twitter-ը հանում են նման գրառումները եւ տվյալ օգտատիրոջը զրկում հարթակից: Սակայն հակառակ դրան այս տարվա ընթացքում հակահրեական առցանց գրառումները կարող են գերազանցել 2019 թվականի մակարդակը:

Ընդդեմ զրպարտության լիգա անվանումը կրող հրեական կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն, հարցման ենթարկված անձանց 11 տոկոսն ԱՄՆ-ում ունի հակահրեական մտքեր:

Իսկ ամեն մի նման դիրքորոշում կարելի է ենթարկել փոփոխության միայն կրթության ու դաստիարակության միջոցով:

XS
SM
MD
LG