Մատչելի հղումներ

Գազայում սկսված բռնությունները տարածվում են Իսրայելի քաղաքներում


Գազայի գոտում սկսված անհանգստություններն ու բախումները տարածում են ստանում նաեւ Իսրայելի այն քաղաքներում, որտեղ կա ե՛ւ հրեա ե՛ւ արաբ ազգաբնակչություն:

Լոդի հրեա բնակիչներից Յոել Ֆրանկենբուրգն ասում է, որ իրենք այստեղ արաբների հետ եղել են լավ հարեւաններ, սակայն այսօր հարաբերություններն այնքան են սրվել, որ կա միմյանց սպանելու կիրք:

‘’Անցած գիշեր նրանք այրեցին մեր տները, բիզնեսներն ու ավտոմեքենաները, մեր երեխաներին մոտեցան զենքերով’’, ասում է նա ու ավելացնում, որ եթե արաբներին այստեղից չհեռացնեն, կսկսվի պատերազմ այս քաղաքում:

Այս քաղաքում երկու օրերի ընթացքում արաբներն այրել են երկու սինագոգ: Իսրայելի նախագահն այս գործողությունն անվանել է պոգրոմ:

Բաթ Յամում էլ մի խումբ հրեաներ շրջապատել են մի արաբ տղամարդու ու ծեծի ենթարկել նրան: Հրեա մի մարդ էլ արաբների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում մահացել է հիվանդանոցում:

Անհանգստության ալիքը տարածվում է Իսրայելում, մի երկիր, որի ազգաբնակչության 20 տոկոսն արաբներ են:

Երեք գիշեր տեղի ունեցած հարձակումներից ու բախումներից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ‘’ոչինչ չի կարող արդարացնել հրեաներին արաբների կողմից լինչի դատաստանի ենթարկելը, ոչինչ չի կարող արդարացնել հրեաների կողմից արաբներին լինչի դատաստանի ենթարկելը’’: Նա խոստացել է իրադրությունն առնել վերահսկողության ներքո:

Իսկ Լոդում արաբ բնակիչները մեղադրում են քաղաքային իշխանություններին հրեա ծայրահեղականներին աջակցելու մեջ, որոնց, ինչպես արաբներն են ասում, ավտոբուսներով Լոդ են բերել սադրանքներ իրականացնելու համար:

Մահմեդական, քրիստոնյա, դրուզ եւ հրեա հոգեւոր առաջնորդներն այս օրերին կենտրոնացել են իրավիճակը մեղմելու խնդրի վրա ու շարունակ կրկնում են հետեւյալ բառերը. ‘’Բռնությունն իմ կրոնը չէ’’:

Այս ընթացքում Երուսաղեմում հրեա մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկում հայ մի հոգեւորականի, որոշ տեղերում երեւում են հակահայկական կոչերով պաստառներ:

XS
SM
MD
LG