Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կերպով դուրս կբերի իր ուժերը սահմանային գոտուց


Քանի դեռ, Սյունիքի դեպքերի հետ կապված, շարունակվում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու երկու երկրների միջեւ, աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ ու պաշտոնատար անձինք հանդես են գալիս իրադրությունը մեղմելու հորդորներով:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է. ‘’Միացյալ Նահանգները մոտից հետեւում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առկա իրադրությունը, եւ ակնկալում, որ Ադրբեջանն անհապաղ կերպով դուրս կբերի իր ուժերը:

Ավելի վաղ թվիթերյան գրառմամբ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն է ասել. "Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին: Հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցություններն ընթացքի մեջ են և հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար":

Կոնգրեսական Ադամ Շիֆի գրառման համաձայն, "Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ Նահանգների համար ժամանակն է հասկանալ, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը` մեծացնելով նոր պատերազմի հավանականությունը":

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Շիֆը հորդորում է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, ‘’ինչն այժմ ավելի քան երբևէ կարևոր է’’:

"Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի պետության, որը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների խախտումներ և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը",- նշել է կոնգրեսական Շիֆը:

ՀՀ սահմանի դեմ Ադրբեջանի գործողություններին է անդրադարձել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը` կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:

Թվիթերի իր էջում Փալոնը գրել է. "ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցությունն օգտագործի` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար":

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նույնպես հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ և Բայդենի վարչակազմին կոչ արել ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով:

"Ադրբեջանական բանակային ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի դրսևորում է, որն ընդգծում է մշտական այն պառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակում գործեց ընդդեմ հայ ժողովրդի, ԱՄՆ-ի նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետներ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը",- գրել է Մենենդսեը:

Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաոն գլխավորում է Հայկական Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը սառեցնելու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ջանքերը:

Կոնգրեսականը օրենսդիր իր գործընկերներին է հղել մի հուշագիր, կոչ անելով, որ նրանք ջանք չխնայեն, որպեսզի Միացյալ Նահանգները սառեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունն ու արգելափակի հետագա ցանկացած օժանդակություն, ինչն ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացմանը: Մի շարք կոնգրեսականների հետ Վալադաոն այս հարցով նամակ է հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակներից Ջալին Փորթերն էլ ասել է, թե Միացյալ Նահանգները մոտից է հետեւում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: ‘’Վիճահարույց’’ տարածքներում իրականացվող շարժն անպատասխանատու քայլ է եւ անհարկի սադրանք’’, ասել է նա լրագրողներին ու ավելացրել, որ սահմանազատման հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ու քննարկումների եղանակով:

Նրա խոսքերով, ‘’Վաշինգտոնն ակնկալում է, որ Ադրբեջանը ‘’վերջ կտա սադրիչ գործողություններին’’:

XS
SM
MD
LG