Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ է ուղարկել դեպի Անգլիական նեղուց, Ֆրանսիայի հետ ձկնորսության բնագավառում առկա տարաձայնությունների պայմաններում: Ֆրանսիացի ձկնորսներն ասում են, թե իրենց անօրինական կերպով արգելում են ձկնորսություն իրականացնել բրիտանական Ջերսի կղզու շրջակայքում:
‘’Մենք միշտ ենք այստեղ իրականացրել ձկնորսություն: Սակայն հիմա մեր որսն այստեղ առգրավել են’’, բողոքում են ֆրանսիացի ձկնորսները:
Բրիտանական ռազմանավերն այժմ վերադարձել են նավահանգիստ, սակայն երկրի կառավարությունը հայտարարում է, որ նրանք բերված են պատրաստ վիճակի, անհրաժեշտության դեպքում նորից այստեղ վերադառնալու համար:
Իսկ Ջերսիի իշխանությունների ու ձկնորսների միջեւ անցկացված բանակցությունները չեն տալիս որեւէ արդյունք:
Ջերսին պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն գտնվում է Ֆրանսիայի ափերին շատ մոտ:
Ինչպես բրիտանացի փորձագետներն են ասում, ֆրանսիական նավերը 2017-ից 2020 թվականների ընթացքում տարին տասն օր այստեղ իրականացրել են ձկնորսություն եւ հիմա էլ ունեն այդ իրավունքը, սակայն Ջերսիի իշխանությունները կայացրել են ձկնորսության թույլատրելի ծավալների մասին առանձին որոշում:
Դրան ի պատասխան, Ֆրանսիան սպառնում է դադարեցնել էլեկտրականության սնուցումն անգլիական այս կղզուն:
Բրիտանական կառավարության պաշտոնատար անձինք, ինչպես օրինակ նախարարներից Նադիմ Զահավին, ասում են, որ ամեն ինչ պետք է արվի Միացյալ Թագավորության ու Եվրոպական միության միջեւ Բրեքզիթի մասին կնքված գործարքն ուժի մեջ պահելու համար, այնպես, որ այն չվնասի ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմի մարդկանց:
Ձկնորսությունը կազմում է Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական մյուս երկրների տնտեսությունների միայն մեկ տոկոսը: Սակայն շատերի կարծիքով, այն նաեւ ունի մշակութային ու քաղաքական արժեք:
Եվրոպական միության ղեկավարությունը կոչ է անում մեղմել իրադրությունը: Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, լարվածությունը կշարունակի սրվել, քանի որ Մեծ Բրիտանիան փորձում է կատարել Եվրոպական միությունից դուրս գալու ժամանակ տրված խոստումն այն մասին, որ ի վերջո ձկնորսությունն առնելու է իր վերահսկողության ներքո: