Մատչելի հղումներ

Պետքարտուղար Բլինքենը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը Ուկրաինայի հետ գործընկերության հարցում


Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է վարել Ուկրաինայի ղեկավարության հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ուկրաինայի ղեկավարության հետ և Բայդենի վարչակազմի աջակցությունը հայտնել ուկրաինական կողմին՝ ռուսական սպառնալիքներին հակազդելու հարցում:

«Այս այցը մեզ հնարավորություն կտա քննարկելու ուկրաինացի մեր գործընկերների հետ Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաև ընդգծելու խաղաղության պահպանման և բարեփոխումների կարևորությունը», - թվիթերյան գրառում է տարածել Բլինքենը Կիև ժամանելիս:

Պետքարտուղարության ավելի վաղ հայտարարության մեջ ասված է, որ Բլինքենը «վերահաստատելու է ԱՄՆ-ի միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»:

Այցի ընթացքում Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, այլ բարձրաստիճան պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նրա այցը մեկնարկել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ բանակցություններով, որի հիմնական թեմաներից էր Ռուսաստանի վարքագիծը:

ԱՄՆ պետքարտուղարը, ելույթ ունենալով Կիեւում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, շեշտել է, որ ԱՄՆ գնահատում է Ուկրաինայի հետ գործընկերությունը և սատարում նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Բլինքենը նշել է նաև, որ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում ` Ուկրաինայի եվրատլանտյան ջանքերը և բարեփոխումների ընթացքը:

Պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինան կանգնած է կրկնակի մարտահրավերների առջև. արտաքին մարտահրավերն է ագրեսիան Ռուսաստանի կողմից և ներքինը՝ կոռումպացված անձինք, օլիգարխներն ու այլ ուժեր, որոնց Մոսկվան օգտագործում է սեփական շահերի համար:

«Եվ այս երկու երևույթները փոխկապակցված են, քանի որ Ռուսաստանը ևս խաղում է այս ներքին ագրեսիայի վրա ՝ օգտագործելով կոռուպցիան և առանձին անհատներին՝ ուկրաինացիների շահերի փոխարեն սեփական շահերն առաջ տանելու համար», - նշել է պետքարտուղարը:

«Մենք կշարունակենք ամրապնդել մեր անվտանգության գործընկերությունը ՝ սերտորեն համագործակցելով Ձեզ հետ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ագրեսիայից»,- շեշտեց Բլինքենը:

Բլինքենն ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, ովքեր այցելել են Կիև 2020-ի փետրվարին նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցից հետո:

Երկուշաբթի պետքարտուղարը դատապարտել է Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով վերջերս ռուսական զորքերի տեղակայումը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը ուշադիր հետեւում է Ռուսաստանի գործողություններին: Մենք սրացում չենք փնտրում, այլ կնախընտրեինք ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Կիևում Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ ամենակարևորն այն է, որ Մոսկվան չկայացնի սխալ որոշում Ուկրաինայի դեմ և չդիմի անխոհեմ գործողությունների: Նա շեշտեց, որ դա է պատճառը, որ ԱՄՆ հստակ բարձրաձայնել է վերջերս ռուսական խոշոր ուժերի կենտրոնացման կապակցությամբ՝ հրավիրելով իր գործընկերների ու դաշնակիցների, ներառյալ ԵՄ ու ՆԱՏՕ-ի, ուշադրությունը այս հարցին, որպեսզի Մոսկվային պարզ դառնա, որ յուրաքանչյուր անխոհեմ քայլ չի մնա առանց հետևանքների:

՛՛Մենք շատ սերտորեն աշխատում ենք այստեղ ՝ Ուկրաինայում, մեր գործընկերների հետ, որ նրանք ունենան անհրաժեշտ միջոցներ ՝ պաշտպանվելու, պաշտպանելու Ուկրաինան, իր տարածքը ու ժողովրդին՛՛,- նշել է ԱՄՆ պետքարտուղարն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:

Բայդենի վարչակազմն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի կառավարությանը, սակայն միևնույն ժամանակ պահանջում Կիևից ավարտին հասցնել քաղաքական համակարգի բարեփոխումները և հակակոռուպցիոն պայքարը:

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ուկրաինա Լոնդոնում G7- ի արտգործնախարարների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են միջազգային ամենահրատապ հարցեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG