Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպումների գլխավոր թեմաները


Արտգործնախարարների մակարդակով Լոնդոնում անցկացվող հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Երկիր, որին Յոթնյակից դուրս էին մղել Ղրիմը բռնակցելուց հետո: ‘’Իսկ այժմ, եթե Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն վարի Ուկրաինայի սահմանի մոտ, մենք կտանք պատասխան’’, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Դեմ առ դեմ հանդիպումներ Մեծ յոթնյակը չէր անցկացրել անցած երկու տարիների ընթացքում: Այսօր այն անցնում է սոցիալական հեռավորության պայմաններում:

Մյուս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը Չինաստանն է: ‘’Մեր նպատակը Չինաստանին զսպելը չէ: Մենք պարզապես ուզում ենք պահպանել միջազգային օրենքների վրա հենված կարգ ու կանոնը’’, ասել է Բլինքենը:

Ասենք, որ Լոնդոն են հրավիրվել նաեւ Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության ու Հարավային Կորեայի արտգործնախարարները, որպես նշան այն բանի, որ Մեծ յոթնյակը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:

Մեծ յոթնյակի նախարարները քննարկում են նաեւ Մյանմարում ռազմական հեղաշրջման նկատմամբ համակարգված պատասխան տալու խնդիրը: Քննարկումներ են անցկացվում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, այդ թվում ամերիկյան ուժերի դուրսբերման հարցի վերաբերյալ:

Կորոնավիրուսի համավարակի դեմ համակարգված պայքարի հարցը կդառնա ամենակարեւոր հարցերից մեկը, երբ Մեծ Բրիտանիան հունիս ամսին ընդունի Մեծ յոթնյակի անդամ երկրների առաջնորդներին:

XS
SM
MD
LG