Մատչելի հղումներ

Աֆղանստանում մտահոգված են հին իշխանությունների վերադարձի հնարավորությամբ


Այսօր, երբ ամերիկյան ու դաշնակից ուժերը պատրաստվում են դուրս գալ Աֆղանստանից, տարածվում է մտավախություն, որ Թալիբանը նորից կվերադառնա իշխանության:

Զորքերի դուրսբերման գործընթացն արդեն իսկ սկսված է: Ռազմական գործողությունների պարտականությունն աստիճանաբար դրվում է աֆղանական ուժերի վրա: Հատկապես կանայք են այստեղ մտահոգ, որ հետ կգան թալիբանյան բռնությունները, իրավունքների սահմանափակումները: ‘’Մենք ցանկանում ենք, որ միջազգային համայնքը մի բան անի մեզ պաշտպանելու համար: Չենք ուզում հին ժամանակների վերադարձ’’, ասում են նրանք:

Իսկ հինն Աֆղանստանում Թալիբանի կառավարման տարիներն էին, երբ կանայք զրկված էին մարդու գրեթե բոլոր իրավունքներից:

Ճիշտ է, միջազգային համայնքը խոստանում է մոռացության չտալ Աֆղանստանը, սակայն Թալիբանն արդեն իսկ սկսել է հարձակումներ իրականացնել ընդդեմ երկրի կառավարական հաստատությունների, ընդդեմ անվտանգության ուժերի: Իսկ բանակցությունները կառավարության ու Թալիբանի միջեւ առաջ չեն ընթանում: Թալիբանից պաշտպանելու հարցում մարդիկ մեծ վստահություն չունեն երկրի անվտանգության ուժերի նկատմամբ:

Շատերն են այսօր գրեթե վստահ, որ երկրի քաղաքները շուտով կհայտնվեն թալիբների հարձակումների ներքո: Կառավարությունը փորձում է մեղմել մարդկանց մտահոգությունը եւ մամուլի մի շարք միջոցների հրավիրում է այց կատարել հատուկ ուժերի ռազմաբազա:

Հատուկ ուժերի հրամանատար, գեներալ Ալիզադեն նույնպես ունի մտահոգություն, որ թալիբները կակտիվանան: ‘’Սակայն մենք պատրաստ ենք դա դիմակայել’’, ասում է նա:

Հատկապես երիտասարդները միայն խոսքերին հավատալ չեն ուզում: Շատերն են ասում, որ թալիբների հետ բանակցային գործընթացն անգամ, վերջ կդնի երկու տասնամյակների ընթացքում ձեռքբերված իրավունքներին:

Վատագույն դեպքում հետ կգան 1990-ականները, երբ արյունալի ու երկարատեւ պատերազմի արդյունքում իշխանությունն այստեղ վերցրեց Թալիբանը:

Այնպես որ, Աֆղանստանում եւս մարդկանց հիմնական մտահոգությունը ազատություններից իրենց զրկած, թալանած ու ստորացրած նախկին իշխանությունների վերադարձի հնարավորությունն է:

XS
SM
MD
LG