Չնայած միայն հարյուր օր է անցել ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները Ջո Բայդենի կողմից ստանձնելուց հետո, նրա դաշնակիցներն արդեն իսկ նտակում են նկատելի դրական փոփոխություններ: Եվրոպան ջերմորեն է ողջունում այս անցումը: Այս մասին է ասում վերլուծաբան Լեսլի Վինջամուրին:
Միացյալ Նահանգներն այս ընթացքում նորից միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրին:
Վաշինգտոնը նաեւ սկսել է բանակցություններ, որոնց նպատակը Իրանի 2015 թվականի միջուկային միջազգային պայմանագրին նորից միանալն է: Եվրոպան սա համարում է հաղթարշավ դիվանագիտության բնագավառում: Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս էր եկել Դոնալդ Թրամփի օրոք:
Բայդենը նաեւ նոր մոտեցում է որդեգրել ԱՄՆ-ի մրցակիցների դեմ, Ռուսաստանի իր պաշտոնակցին անվանելով ‘’մարդասպան, եւ պատժամիջոցների երկու փուլ սկսել ընդդեմ Մոսկվայի:
Ինչպես վերլուծաբաններից Պավել Շարիկովն է նշում. ‘’Նոր այս պատժամիջոցներն ավելի լուրջ են, քան Թրամփի օրոք ուժի մեջ դրվածները’’:
Այս ընթացքում, որպես Բայդենին փորձելու միջոց, Ռուսաստանը հարյուր հազար թվակազմով զորքեր ուղարկեց դեպի Ուկրաինայի սահմանը: Վերլուծաբան Լարի Սաբաթոյի խոսքերով, Բայդենը լավ է գիտակցում, որ որոշ եկրներ, որոնց թվում են իհարկե Ռուսաստանն ու Չինաստանը, կդիմեն ճգնաժամերի ու հակադրությունների միջոցով իրեն փորձելու քայլերի:
Ռուսաստանում շատերն են ասում, որ Բայդենի օրոք տեսնում են ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածություն: ‘’Իսկ Բայդենը կարողանում է շախմատի տախտակի վրա տեսնել հաջորդ քայլերը: Նա արդեն հղել է նրանց ուղերձ այն մասին, որ Ամերիկան ունի նոր ղեկավարություն’’, ասում է վերլուծաբանը:
Հիշենք, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում էր, որ Ջո Բայդենը երկրի նախագահի մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Վերլուծաբաններից շատերն են դա համարում չափազանց վճռական ու համարձակ քայլ, ենթադրելով, որ այն կարող է դառնալ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ:
‘’Այնպես որ, բարդ հարց է’’, ասում է Լեսլի Վինջամուրին ու ավելացնում, որ հարկավոր է սպասել, տեսնելու համար’’:
Փորձագետների ճնշող մեծամասնությունն է գտնում, որ Բայդենն այժմ վայելում է եվրոպական դաշնակից պետությունների հետ քաղաքական մեղրամսի հաճույքը, ինչը, ասում են նրանք, ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս շարունակել համարձակ որոշումների գործընթացը: