Մատչելի հղումներ

Կիպրոսի հունական ու թուրքական կողմերը սկսել են բանակցություններ


Կիպրոսի ապագայի շուրջ բանակցություններ են եկող մի քանի օրերի ընթաքում շարունակվելու այս կղզու հունական ու թուրքական հատվածների առաջնորդների, ինչպես նաեւ երաշխավոր պետությունների` Հունաստանի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքինի գործերի նախարարների միջեւ:

Հանդիպումը կազմակերպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը: Վերջինիս խոսնակ Ստեֆան Դուջարիկն ասել է, թե հանդիպման նպատակն է պարզել` կա արդյոք Կիպրոսի խնդրին հարատեւ լուծում տալու հարցում ընդհանուր հետաքրքրություն եւ շահ, թե ոչ:

Նրա խոսքերով, Գուտերեսն առանձին երկկողմ հանդիպումներ է երեքշաբթի օրն անցկացնելու երկու համայնքների առաջնորդների հետ: Երեկոյան կողմերին նա հրավիրելու է համատեղ հանդիպման: Գուտերեսը չորեքշաբթի օրն առավոտյան անցկացնելու է հանդիպում հինգ կողմերի հետ, որից հետո անցկացվելու են երկկողմ բանակցություններ: Մեծ Բրիտանիան բանակցությունների կողմ է համարվում, որպես Կիպրոսի նախկին գաղութատեր երկիր, այսօր այս կղզու անվտանգության երաշխավոր:

Հիշեցնենք, որ Կիպրոսը վերամիավորելու հարցով 2004 թվականից ի վեր երեք փորձ է իրականացվել, սակայն բոլորն էլ ավարտվել են անարդյունք:

Դուջարիկի խոսքերով, գլխավոր քարտուղարը չունի այս բանակցությունների հնարավոր ելքի շուրջ կանխատեսումներ կատարելու մտադրություն: ‘’Գուտերեսը շատ լավ է հասկանում խնդիրը’’, ասել է նա ու ավելացրել, որ գլխավոր քարտուղարը ոչ լավատես է, ոչ էլ վատատես: ‘’Նա իրատես է’’, ասել է խոսնակը:

Վերջին հանդիպումը կողմերի միջեւ տեղի է ունեցել չորս տարի առաջ: Շվեյցարիայի ալպյան առողջարանային Կրանս Մոնտանա քաղաքում անցկացված բանակցություններն այն ժամանակ տապալվեցին, երբ կողմերը համաձայության չեկան վեց կետերի շուրջ, որոնց թվում էին անվտանգության ու երաշխիքների, նոր տարածքային սահմանների եւ իշխանության բաժանման մասին կետերը:

XS
SM
MD
LG