Մատչելի հղումներ

Կլիմայական փոփոխությունների հարցով գագաթաժողովը խոստանում է պայքարը դարձնել արդյունավետ


Այս տասնամյակը չափազանց կարեւոր ժամանակաշրջան է երկրագնդի համար: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ցանկանում է շեշտել երկրագնդի ջերմացման արդյունքում սպառնացող աղետները կանխելու կարեւորությունը: ‘’Հարկավոր է, որ աշխարհի խոշորագույն տնտեսություններն իրականացնեն արագ քայլեր’’, հայտարարում է ԱՄՆ-ի նախագահը, որը առցանց գագաթաժողովի ժամանակ նաեւ խոստացավ, որ մինչեւ 2030 թվականն Ամերիկան ջերմոցային գազերի արտանետումների ծավալները կկրճատի 50-52 տոկոսով: Սպիտակ տունը մեծ կարեւորություն է տալիս ածխաթթու գազեր չարտանետող էլեկտրականությանը, քիչ վառելանյութ կիրառող ավտոմեքենաների թողարկմանը, գործարաններից ածխաթթու գազերի ու մեթանի արտանետումները կրճատելուն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ողջունում է Բայդենի հայտարարությունն ու այն անվանում վճռական դիրքորոշում, ինչը կարող է մեծ ազդեցություն գործել երկրագնդի ջերմացման արագությունը նվազեցնելու հարցում:

Հանդես գալով գագաթաժողովի ժամանակ` Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ասաց, որ իր երկիրը խոստանում է խստորեն վերահսկել ածխի կիրառումը եկող մի քանի տարիների ընթացքում: Նա հայտարարեց նաեւ, որ 2026-2030 թվականների ընթացքում մեծապես է կրճատվելու օրգանական վառելանյութի կիրառումն իր երկրում:

Առանց նոր խոստումներ տալու, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին խոստացավ համագործակցել ԱՄՆ-ի հետ 2030 թվականի նպատակներին հասնելու համար, որպեսզի զարկ տրվի մաքուր էներգիայի արտադրության բնագավառում ներդրումներին, կիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ ու տնկվեն կանաչ նոր գոտիներ:

Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն է ասում. ‘’Մենք ուզում ենք ունենալ կանաչ մոլորակ, սակայն աշխարհը կարմիր ահազանգի ներքո է այսօր’’: Գագաթաժողովի ժամանակ նա ասաց, որ այսօր բոլորս կանգնած ենք անդունդի եզրին եւ ‘’պետք է վստահ լինենք, որ մեր հաջորդ քայլն իրականացնում ենք ճիշտ ուղղությամբ’’:

Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, որ կլիմայական փոփոխությունների հարցում ԱՄՆ-ի որդեգրած նոր դիրքորոշումը եւ այդ հարցում աշխարհի տնտեսական հզորությունների կեսն ապահովող երկրների նվիրվածությունը խոստանում է երկրագնդի ջերմացման մակարդակը պահպանել 1.5 աստիճանի սահմաններում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնորդները 2015 թվականին Փարիզում կնքած պայմանագրով պարտավորվել էին թույլ չտալ, որ երկրագնդի ջերմացումն անցնի երկու աստիճանի սահմանը:

Ասենք, որ 1980 թվականից ի վեր մեր մոլորակի միջին ջերմությունը բարձրացել է 1.1 աստիճանով, ինչի արդյունքում են, գիտնականների խոսքերով, ավելի խիստ դարձել շոգի ալիքները, երաշտները, ավելի կատաղի դարձել անտառային հրդեհները, փոթորիկներն ու բնական մյուս աղետները: Ինչ վերաբերում է ջերմացման արագությանը, ապա, ասում են գիտնականները, այն ավելի է մեծացել 1980-ականներից ի վեր:

Երկօրյա միջազգային գագաթաժողովը ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից համաշխարհային ջերմացման դեմ պայքարի մի մասն է, պայքար, որից հրաժարվել էր ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը` Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ:

Բրազիլիան, որտեղ վերջին տարիներին գրանցվում են անտառահատման մեծ ծավալներ, նույնպես հայտնում է երկրագնդի ջերմացման արագությունը կանգնեցնելու գործում պատրաստակամություն: Սակայն դրան պատրաստ լինելու համար այն ԱՄՆ-ից խնդրում է մեկ միլիարդ դոլարի օժանդակություն, որպեսզի կարողանա գոնե քառասուն տոկոսով կրճատել Ամազոնում անտառահատումների ծավալը:

Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից երկրի կառավարությանը ներկայացված ամենամյա զեկույցում տրվում է եկող երեսուն տարիների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը Եվրոպական միության արտանետումների ծավալից ավելի ցածր մակարդակի բերելու մասին խոստում:

Եվրոպական միությունը գագաթաժողովից առաջ է հայտարարել ստորագրված պայմանագրի մասին, ըստ որի ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2030 թվականը, 1990-ի համեմատ կրճատվելու են 55 տոկոսով:

‘’Խնդիրը հեշտլուծելի չէ’’, հայտարարեց Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան, միեւնույն ժամանակ ներկայացնելով իր երկրի առջեւ դրված խնդիրը լուծելու պարտավորությունը: ‘’Մինչեւ 2030 թվականը Ճապոնիայում դեպի երկրագնդի մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազերի ծավալը 2013 թվականի համեմամտությամբ կրճատվելու է 46 տոկոսով: Սակայն ինչպես Ճապոնիայի Կանաչների միությունն է հայտարարում, մյուս երկրների համեմատությամբ, Ճապոնիայի կառավարությունը կրճատումների չնչին թիվ է խոստանում:

Խորհրդանշական է, որ գագաթաժողովը տեղի է ունենում, երբ աշխարհը ապրիլի 23-ին նշում է Երկրագնդի օրը: Այս կապակցությամբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսքն ուղղելով գագաթաժողովի մասնակից 40 երկրների առաջնորդներին, հորդորում է հոգալ բնության համար:

Նրա խոսքերով. ‘’Համաշխարհային աղետները` կլիմայական փոփոխություններն ու քովիդ 19-ը ցույց են տալիս ու ապացուցում, որ ժամանակը վատնելու իրավունք չունենք այլեւս’’:

XS
SM
MD
LG