Մատչելի հղումներ

‘’Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը’’, նախագահ Ջո Բայդենին հորդորում են ավելի քան 100 կոնգրեսականներ


Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն եւ Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 գործընկերների հետ միասին նամակ են հղել նախագահ Ջոզեֆ Բայդենին`հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը` 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունը և տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով, որ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», - գրում են Ներկայացուցիչների պալատի անդամներն իրենց նամակում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւեր: Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձեւն անցավ ուժեղ երկկուսակցական կոնսենսուսով`ձայների 405-11-ի հարաբերակցությամբ: Սենատում թիվ 150 բանաձեւն ընդունվեց միաձայն:

Նախագահ Բայդենին հղված նամակն այսօր ստորագրել են Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ, այդ թվում ՝ ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը, Հոակին Կաստրոն, Գրեյս Ֆ Նապոլիտանոն, Շեյլա Ջեքսոն Լին, Ջեյմի Ռասքինը, Ջոն Սարբենսը, Էնդի Լեւինը, Էլեոնորա Հոլմս Նորթոնը, Քերոլին Մալոնին եւ այլոք:

«Մենք ողջունում ենք Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը` կարևորելով Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրությունը վերահաստատելու կարևորությունը, որը կոչ է անում նախագահ Բայդենին հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը ճանաչելու իր պարտավորությանը», - ասել է Ամերիկայի հայակական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը ոչ միայն բարձրացնում է Ամերիկայի վստահելիությունը մարդու իրավունքների հարցերում, այլ նաև օգնում է կանխել ապագա ցեղասպանությունները», ասել է նա:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի իր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական ուղերձը, որով կոչ է արվում նախագահ Բայդենին վերջ դնել արտաքին քաղաքականության հարցում ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արգելանքին», ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին`Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականության մեջ ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է փոփոխության ենթարկի ժխտողական եւ հակահայկական ագրեսիայի Թուրքիայի դիրքերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը», ասված է Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին 100 կոնգրեսականների կողմից հղված նամակում է մասնավորապես ասված.

‘’Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին Դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մենք բարձր ենք գնահատում, որպես փոխնախագահ, 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Վաշինգտոնի Ազգային տաճարում անցկացված հիշատակի արարողությանը Ձեր մասնակցությունը:

Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկելի հարց չէ: Այն ժամանակահատվածի ամերիկացի դիվանագետները փաստել են հայերի զանգվածային սպանդը, չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ դեռեւս գոյություն չուներ ‘’ցեղասպանություն’’ եզրը:

Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հենց հայ ժողովրդին ոչնչացնելու փորձը նկարագրելու համար:

Այս տարի Հայոց ցեղասպանությունն ըստ պատշաճի նկարագրելով` Դուք կմիանաք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ.-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր:

Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի»:

Մենք հորդորում ենք Ձեզ, որ կատարեք Ձեր ստանձնած պարտավորությունները և ասեք ճշմարտությունը», այսպես են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հղված նամակը եզրափակում ԱՄՆ-ի ավելի քան հարյուր կոնգրեսականները:

XS
SM
MD
LG