Մատչելի հղումներ

Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը. կոնգրեսական Շիֆի բաց նամակը նախագահ Բայդենին 


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը օրերս Ներկայացուցիչների պալատի նիստին ընթերցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված իր բաց նամակը, ուր մասնավորապես ասված է.

«Պարոն նախագահ, ընդամենը հինգ օրից աշխարհը կնշի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների սիստեմատիկ սպանության և տեղահանման 106-րդ տարելիցը: Դա կլինի Ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը և Ձեր առաջին հնարավորությունը` պահպանելու Ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը և այս հարցում տասնամյակների Ձեր առաջնորդությունը»:

Կոնգրեսականը կոչ է արել նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Հարյուր հազարավոր ամերիկահայերի, ցեղասպանությունից մազապուրծ փրկված երեխաների ու թոռների անունից ես խնդրում եմ Ձեզ.

Պահեք այդ խոստումը: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»:

Շիֆն ընդգծել է, որ Ցեղասպանության մասին փաստերը գրանցվել են ամերիկացի դիվանագետների կողմից, որոնք նշել են, որ դա մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող սպանդ էր: Նա նշել է, որ Բայդենը շատ լավ գիտի այս փաստերը և խոսել է դրանց մասին որպես նախագահի թեկնածու:

«Որպես նախագահ՝ այժմ Դուք ունեք իշխանություն՝ ուղղելու տասնամյակների սխալները և դրանով իսկ իմաստավորելու Ձեր նախորդ հայտարարությունը, երբ Դուք ընդունեցիք Ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»,- նշել է Շիֆը:

Նա նաև ասել է, որ ցեղասպանության վտանգ այսօր կա Արցախում, որտեղ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, պատերազմ է սանձազերծել հայերի դեմ՝ սպառնալով հնարավոր նոր ցեղասպանությամբ:

«Պարոն Նախագահ, մենք չպետք է ապավինենք էվֆեմիզմի կամ կիսատ ճշմարտությանը: 1.5 միլիոն հայերի սպանությունը իրական վայրագություն էր: Ժողովուրդ և մշակույթ բնաջնջելու ձգտումը այլ տեսակի չարիք է, և մենք չունեինք խոսքեր նման չարիքը նկարագրելու համար մինչև այն պահը, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը»,-գրել է Շիֆը՝ ընդգծելով, որ ցեղասպանության ժխտումը «կրկնակի սպանություն» է:

«Իմ խորին ցանկությունն է, որ Դուք ասեք ճշմարտությունը իր ողջ սարսափով հանդերձ և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակել է նամակը կոնգրեսական Ադամ Շիֆը:

Facebook Forum

XS
SM
MD
LG