Մատչելի հղումներ

Չեխիան Եվրոպային ու ՆԱՏՕ-ին կոչ է անում պատժել Ռուսաստանին


Չեխիայի Հանրապետությունից վտարված ռուս տասնութ դիվանագետները, որոնց Չեխիայի հետաքննիչները համարում են ռազմական գործակալներ, երկուշաբթի օրը ժամանեցին Մոսկվա: Դրան ի պատասխան Ռուսաստանից արտաքսվեց չեխ քսան դիվանագետ:

Ինչպես Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Յան Համաչեկն է ասում, ‘’Մեզ հաջողվել է կազմաքանդել ռուսական լրտեսական գործողությունների մի բջիջ, ինչը վերականգնելը ռուսների համար շատ դժվար է լինելու’’:

Չեխական կողմը Ռուսաստանին մեղադրում է 2014 թվականին տեղի զինապահեստներից մեկում պայթյուն իրականացնելու մեջ, որի արդյունքում պահեստում երկու մարդ էր զոհվել: Այս նույն երկուսն են 2018 թվականին Մեծ Բրիտանիայում թունավորել ռուս կրկնակի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին: Ինչպես հետաքննչական Bellingcat ինտերնետային կայքն է տեղեկացնում, խոսքը Անատոլի Չեպիգայի եւ Ալեքսանդր Միշկինի մասին է, որոնք երկուսն էլ Ռուսաստանի ռազմական հետախուզության սպաներ են: Նրանց թիվ 29155 բաժանմունքի հիմնական գործունեությունը կենտրոնանում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու վրա:

Ինչպես Եվրոպական բարեփոխումների կենտրոնից վերլուծաբան Այան Բոնդն է ասում, ‘’Նրանք հատկապես գործուն դեր են ունենում Եվրոպայի տարբեր հատվածներում’’: Նա օրինակ է բերում Բեռլինում չեչեն վրացի Զելիմխան Խանգոշվիլիի, ինչպես նաեւ Եվրոպական միության տարածքում Ռուսաստանի սպանված մի շարք քաղաքացիների սպանության օրինակները:

Ի դեպ, Եվրոպական միությունը ռուս դիվանագետներին արտաքսելու հարցով երկուշաբթի օրն իր աջակցությունն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը: Այս մասին հանդես է եկել Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ջոզեփ Բորելը:

Կրեմլն, իհարկե, Չեխիայի կողմից հնչող մեղադրանքները համարում է ‘’անհիմն’’, եւ Արեւմուտքին մեղադրում է ‘’հակառուսական զանգվածային փսիխոզ’’ տարածելու մեջ:

Մյուս կողմից լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում սրվում է Ուկրաինայի սահմանին, երբ Ռուսաստանը հազարավոր թվակազմով զորքեր ու ռազմական տեխնիկա է տեղակայում այստեղ:

Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի են սրվում Կրեմլի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու եւ բժշկական օգնությունից նրան զրկելու պատճառով:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ վարկանիշի կտրուկ անկում գրանցած Պուտինը միջոցներ է որոնում հեղինակությունը հետ բերելու համար: Այան Բոնդի խոսքերով, անցած տասներկու ամիսները շատ վատ ժամանակաշրջան էին Պուտինի համար: ‘’Ռուսաստանում գրանցվել է քովիդ հիվանդությունից տոկոսային հարաբերությամբ մահացությունների ամենաբարձր ցուցանիշը, երկրի տնտեսությունը լճացման մեջ է եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքով, դեռ երկար ժամանակ էլ մնալու է լճացման փուլում: Իսկ Նավալնիին ազատ արձակելու պահանջով ցույցերն էլ մյուս կողմից են թուլացնում Պուտինի դիրքերը:

Չեխիայի Հանրապետությունն էլ կոչ է անում իր դաշնակիցներին Ռուսաստանի դեմ սկսել նոր պատժամիջոցներ եւ իրենց երկրներից արտաքսել ռուս դիվանագետների ու լրտեսներին:

XS
SM
MD
LG