Մատչելի հղումներ

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում


Պահոց
Պահոց

Գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ ապրիլի 20-ի երեկոյան։ Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում հայկական պատվիրակությանը չհաջողվեց խնդիրը ներառել օրակարգում։ Այս անգամ հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Հարցն ընդունվեց ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, բայց չէր սպասվում, որ նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ՝ Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռժակը, Յուրի Օլենիկովը, Սերգեյ Պախոմովն ու Լեոնիդ Սլուցկին դեմ կքվերակեին։ Բացի այդ, Ռուսաստանից 7 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել, և ռուսաստանյան որեւէ պատվիրակ կողմ չի եղել հարցի քննարկումը օրակարգում ներառելուն։ Դեմ են քվեարկել նաև մեկական պատգամավորներ Սերբիայից ու Հունգարիայից։ Կողմ քվեարկած 93 ձայներից մեկը թուրքական պատվիրակությունից է։

Երևանում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» պատգամավոր Արման Եղոյանը որևէ գնահատական տալ չցանկացավ՝ շեշտելով, որ պաշտոնական մեկնաբանություն դեռևս հայկական կողմը չի ստացել։ Նա կատարվածը անվանեց նաև տեխնիկական խնդիր և կարևորեց այն, որ գերիների հարցի քննարկման համար անհրաժեշտ թվով դրական քվե, այդուամենայնիվ, ապահովվել է։

Հայկական պատվիրակության մշտական անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Ամերիկայի ձայն»-ի հարցերին պատասխանելով, ասաց, որ զարմանալի է, թե ինչպես ամբողջ ռուսական պատվիրակությունը սխալմամբ դեմ կքվեարկեր. Ինչևէ նրանք դա բացատրել են «տեխնիկական և կոմունիկացիոն խնդիրներով, քանի որ այդ պատվիրակները նիստին մասնակցում էին հեռավար տարբերակով»։ Իսկ քննարկումը Մարուքյանի խոսքերով, բովանդակալից էր․ «Մինչ այս պահը միջազգային հարթակներում գերիների վերադարձի հարցը նման բարձր մակարդակով չի քննարկվել։ Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այս քննարկումը` ժամանակը ցույց կտա»։

«Ռազմագերիների հարցը այնքան կարևոր, հումանիտար, մարդու իրավունքների բարձր հարց է, որ որևիցե մեկը չկարողացավ իրեն զսպել և սուր ելույթներ ունեցան, միջազգային հանրությունը մինչ օրս այսքան մանրամասն տեղեկացած չէր»․ գնահատում է պատգամավորը։

Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ 14 պատվիրակ, և բոլորը, բացառությամբ երեք պատգամավորների, որոնք ներկայացնում էին Ադրբեջանն ու Թուրքիան, Բաքվից պահանջեցին անմիջապես ազատ արձակել, ըստ ելույթների՝ մոտ 200 հայ ռազմագերիներին։ Ռուսաստանի որևէ պատվիրակ այդպես էլ ելույթ չունեցավ ողջ քննարկման ընթացքում, մինչդեռ սպասվում էր, որ ելույթների միջոցով նրանք նաև կհստակեցնեին իրենց քվեարկության պատճառները։

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, բավականին սուր ելույթներ հնչեցին, խնդիրը շատ մանրամասն քննարկվեց, և ադրբեջանական կողմի փաստարկները, թե իրենց մոտ պահվող մարդիկ ռազմագերիներ չեն, այլ հանցագործներ, ահաբեկիչներ են և այլն, ամբողջությամբ ջախջախվեցին։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ավարտված չէ, այն համարվում է շարունակվող, և դա նշանակում է, որ իրենց մոտ եղած մարդիկ ռազմագերիներ են, ըստ միջազգային իրավունքի, բացատրեց Մարուքյանը։

«Քննարկումից հետո որևէ բանաձև չի ընդունվել, քանի որ ընթացակարգով նման բան նախատեսված չէ: Սա հրատապ հարցի կարգով մտավ օրակարգ, և դա նշանակում է, որ կառույցը խնդիրը համարեց ծայրահեղ հրատապ: Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է, -ասաց Մարուքյանը։- Սա մարտահրավեր է ամբողջ կառույցին, ամբողջ եվրոպական համայնքին»։

XS
SM
MD
LG