Մատչելի հղումներ

Աշխարհը պատրաստվում է երկրագնդի ջերմացման դեմ նոր գագաթաժողովին


Հինգշաբթի օրն աշխարհում նշում են Երկրագնդի օրը: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն աշխարհի 40 երկրների առաջնորդների հրավիրել է մասնակցել կլիմայական փոփոխության հարցով առցանց գագաթաժողովի:

Բայդենն իր պաշտոնավարման հենց առաջին օրն էր հայտարարել, որ կլիմայական փոփոխության դեմ պայքարը լինելու է իր գլխավոր առաջադրանքներից մեկը:

Ինչպես վերլուծաբան Դեյվիդ Վասքոուն է ասում, ‘’Այս գագաթաժողովը մի հնարավորություն է ԱՄՆ-ի համար ցույց տալու, որ Թրամփի վարչակազմին հակառակ, նոր վարչակազմը մեծապես է մտահոգված երկրագնդի ջերմացման հանգամանքով’’:

Իսկ համաշխարհային ջերմացումն իր ազդեցությունն ավելի ու ավելի ցայտուն է ի ցույց դնում նորանոր անտառային հրդեհների, խիստ երաշտների եւ ուժեղ փոթորիկների տեսքով:

ՄԱԿ-ի կողմից Փարիզում 2015 թվականին անցկացված գագաթաժողովի նպատակը համաշխարհային ջերմացման արագությունն արգելակելն էր: Սակայն, ըստ փորձագետների, ‘’արգելակները կարծես թե մաշված են’’:

Ըստ գիտնականներից Ռեյշըլ Քլիիթուսի, ‘’Աշխարհն այսօր կանգնած է չափազանց մեծ վտանգի առջեւ’’: Նա նշում է այն հանգամանքը, որ արտանետումների ծավալները շարունակում են աճել, որ երկրագնդի ջերմությունը շարունակում է բարձրանալ:

Նրա խոսքերով, եթե ուզում ենք երկրագունդը փրկել ամենավատ աղետից, պիտի հասցնենք մինչեւ 2030-ն արտանետումների ծավալները կրճատել երկու անգամ: Հակառակ դեպքում, ասում է նա, ընթացքը կարող է դառնալ անշրջելի:

ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում է մինչեւ նախատեսված գագաթաժողովը ներկայացնել արտանետումների ծավալները կրճատելու մասին իր ծրագիրը: Հիշեցնենք, որ արեգակի ու քամու ուժի վրա հենված էլեկտրակայաններ կառուցելու ծրագիրը Բայդենի առաջարկած 2 տրիլիոն 300 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մի մասն է: Ծրագիր, որն ուժի մեջ մտնելու համար պիտի հաստատվի Կոնգրեսի կողմից: Սակայն հանրապետականները մինչ այժմ դեմ են հանդես գալիս այս ծրագրին: Այնպես որ, Բայդենի վարչակազմի առջեւ այսօր դժվարանցանելի մի պատնեշ կա:

Սակայն Ամերիկայից զատ մեծ անելիքներ ունեն նաեւ մթնոլորտն ամենաշատն աղտոտող երկրները, որոնց թվում են Չինաստանն ու Հնդկաստանը:

Աշխարհն անհամբերությամբ պիտի սպասի, թե ինչ ծրագիր են ներկայացնելու այդ երկրները եկող գագաթաժողովի ժամանակ, որն անցկացվելու է շոտլանդական Գլասգոու քաղաքում նոյեմբեր ամսին:

XS
SM
MD
LG