Մատչելի հղումներ

Բժշկական խումբը չի ստացել Նավալնիին տեսակցելու արտոնություն


Այն բանտի հիվանդանոցի առջեւ, որտեղ պահվում է Կրեմլի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնին, երեքշաբթի օրը հավաքվել էր բժիշկների մի խումբ: Նավալնիի աջակիցներից Անաստասիա Վասիլեւան, որը ղեկավարում է բժիշկների արհմիությունը, Ռոյթըրս լրատվական գործակալությանը հայտնել է, որ բժիշկների այս թիմը Նավալնիին պիտի տեսակցեր առավոտյան ժամը ութին: Սակայն բանտի առջեւ մի քանի ժամ սպասելու ընթացքում նրանց որեւէ նորություն չեն հայտնել տեսակցության ժամը փոխելու մասին: Ոչինչ չեն ասել նաեւ այն մասին, թե տեսակցությունը մնում է ուժի մեջ, թե ոչ: Վասիլեւայի խոսքերով, Նավալնիի առողջական վիճակը կարող է լինել օրհասական:

Նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին հրաժարվում է սնունդ ընդունել մարտի 31-ից, բողոքելով ոտքի ու մեջքի ցավերի համար բուժօգնություն տրամադրելու իշխանությունների դժկամության դեմ: Իշխանություններն անտեսում են նաեւ Նավալնիին բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի ու եւրոպական մի շարք պետությունների կոչը:

Նավալնիի աջակիցները հայտարարել են, որ ծրագրում են ապրիլի 21-ին անցկացնել այնպիսի բազմամարդ ցույցեր, ինչպիսին Ռուսաստանը չի տեսել իր ժամանակակից պատմության ամբողջ ընթացքում: Վաշինգտոնն էլ սպառնում է, որ Ռուսաստանը շատ բարձր գին կվճարի, եթե հացադուլի արդյունքում Նավալնին մահանա:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, այն ինչ Կրեմլի քննադատ Նավալնիին պատահի բանտային պայմաններում, Ռուսաստանի պատասխանատվության հարցն է եւ դրա համար պատասխան է տալու Ռուսաստանի կառավարությունը:

‘’Մենք առայժմ բավարարվում ենք միայն նրան ազատ արձակելու եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու կոչերով’’, ասել է Սպիտակ տան խոսնակը:

XS
SM
MD
LG