Մատչելի հղումներ

ԱՄՆ կշարունակի աջակցել ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին. ՀՀ-ում USAID առաքելության ղեկավար


Դեյվիդ Հոֆման, ՀՀ-ում USAID առաքելության տնօրենի պաշտոնակատար
Դեյվիդ Հոֆման, ՀՀ-ում USAID առաքելության տնօրենի պաշտոնակատար

USAID հայաստանյան առաքելության ղեկավար Դեյվիդ Հոֆմանն Ամերիկայի ձայնի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում USAID ծրագրերին ու նպատակներին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելությունն անցած տարի ընդունեց հնգամյա ռազմավարության մի նոր ծրագիր, որը կենտրոնացած է երկու հիմնական նպատակների՝ Հայաստանում տնտեսական անվտանգության ապահովման ու ժողովրդավարության զարգացման վրա, Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանն է ասել USAID հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը:

՛՛Մենք այն անվանում ենք CDC կամ երկրի զարգացման համագործակցության ռազմավարություն, որն իրապես շեշտում է մեզ համար առանցքային այդ երկու բառերը՝ զարգացումն ու համագործակցությունը՛՛,- նշում է Հոֆմանը:

Ռազմավարությունը բացահայտում է ծրագրի իրականացման ուղիներն ու համագործակցության եզրերը: Այն որոշակիորեն տարբերվում է նախկինում որդեգրած ավելի ավանդական մոտեցումներից: Նոր ռազմավարությամբ ծրագրերի իրականացումը միտված է ավելի կայուն և երկարարտև արդյունքների գրանցմանն ու շահագրգիռ կողմի հետ համատեղ աշխատանքին՝ կարիքների ձևավորումից մինչև ծրագրի իրականացում:

"Դա մի փոքր ավելի դանդաղեցնում է գործընթացը, քանի որ պահանջում է ավելի շատ քննարկումներ, հատկապես Երևանից դուրս եղած դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել, թե որոնք են մարդկանց իրական կարիքները: Սակայն համոզված ենք, որ դա կհանգեցնի ավելի բարձր որակի արդյունքների, ավելի կայուն երկարաժամկետ հեռանկարով՛՛,- ասում է Հոֆմանը:

USAID առաքելության ղեկավարն ընդգծում է՝ ամերիկյան կողմը շատ արագ արձագանքել է անցած տարի Հայաստանի առջև ծառացած կարևոր երկու մարտահրավերներին՝ ԼՂ-ում պատերազմի հետևանքով առաջ եկած մարդասիրական ճգնաժամին և կորոնավիրուսի համավարակի տարածմանը: Մարդասիրական օժանդակության առումով USAID-ին թիրախավորել է նաև պատերազմի արդյունքում տեղահանված անձանց:

՛՛Մեզ հաջողվեց ապահովել COVID-19-ի հավելյալ օժանդակություն, որը պետք է օգներ ԼՂ-ից տեղահանվածներին, ինչպես նաև ՀՀ-ում տեղահանված ընտանինքերին ընդունած համայնքներին: Մեր գործընկերների՝ առողջապահության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ սերտ համագործակցությամբ, կարողացանք ապահովել COVID-19-ի երրորդ լրացուցիչ օժանդակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այս երկու ճգնաժամերի հետևանքներին՛՛,- նշում է Հոֆմանը:

Տնտեսկան անվտանգության և ժողովրդավարական զարգացման ոլորտներին զուգահեռ USAID-ի առաքելությունը աջակցում է երկրում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը: Հոֆմանը շեշտում է՝ հանրային հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար այս ոլորտը շարունակում է մնալ առաջնային:

՛՛Ի պատասխան՝ մենք նախաձեռնել ենք ու մի քանի շաբաթ առաջ մեկնարկ տվել հակակոռուպցիոն մի ծրագրի, որը մեր ամենամեծ նախագծերից մեկն է: 10 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա այս ծրագիրը կոչվում է ''Integrity'' և միտված է կարևոր մի շարք հակակոռուպցիոն հաստատությունների ամրապնդմանը: Համագործակցելու ենք այնպիսի կառույցների հետ, ինչպիսին է, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ այլ շահագրգիռ հաստատություններ՝ երկրում հաշվետվողականության ամրապնդման նպատակով՛՛,- ասում է Հոֆմանը:

Նա վստահեցնում է՝ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ՀՀ-ին հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում՝ այս ուղղությամբ մեծացնելով իր ներկայությունն ու ջանքերը մոտակա տարիներին: Նպատակն է՝ ոչ միայն հակակոռուպցիոն օրենսդրական դաշտի կատարելագործումը, այլ նաև հանրային շրջանում հակակոռուպցիոն մշակույթի ձևավորումը՝ կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմամբ:

Հոֆմանը կարևորում է ամերիկյան կողմի արձագանքն անցած տարվա ճգնաժամերի արդյունքում ՀՀ-ի առջև ծառացած մարդասիրական խնդիրների կարգավորմանը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է՝ առաքելության ջանքների զգալի հատվածը կենտրոնացած է նաև երկարաժամկետ զարգացման նախաձեռնությունների վրա, որոնց նպատակն է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը օտարերկրյա ներդրումների խրախուսման համար:

Այս ուղղությամբ նախաձեռնած «Business Enabling Environment Program» նախաձեռնությունն աշխատանք է տանում պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ՝ օտարերկրյա ներդրումների հիմնական խոչընդոտները բացահայտելու նպատակով: Առաքելության ղեկավարը գտնում է, որ հաջողության պարագայում ծրագիրը որակապես կբարելավի ներդրումային միջավայրը ՀՀ-ում:

Facebook Forum

XS
SM
MD
LG