Մատչելի հղումներ

Դերեք Չովինը մեղավո՞ր է, թե ոչ


ԱՄՆ-ում մեծ թվով քաղաքներ անհամբերությամբ սպասում են Ջորջ Ֆլոյդին ծնկի ճնշման տակ պահելու եղանակով սպանելու մեջ մեղադրվող ոստիկան Դերեք Չովինի նկատմամբ դատարանի որոշմանը:

Ինչպես Ֆլոյդի ընտանիքի իրավունքները պաշտպանող փաստաբան Բենջամին Քրամփն է ասում, Չովինին մեղավոր ճանաչելով, դատարանը կարող է ի վերջո ստիպել, որ Ամերիկան հարգի բոլորի համար ազատությունների եւ արադարության իր իսկ խոստումը:

Դատարանում մեծ թվով մարդիկ են հանդես եկել վկայություններով այն մասին, որ Չովինը Ֆլոյդին ծնկի ճնշման տակ է պահել ինը րոպե, արգելելով թթվածնի հոսքն օրգանիզմում:

Չովինի փաստաբանների խոսքերով, Ֆլոյդը մահացել է սրտի կաթվածից, որն առաջ է եկել արյան բարձր ճնշման ու թմրանյութերի ազդեցության պատճառով: Հիշեցնենք, որ Չովինը Ֆլոյդին ձերբակալել էր, կասկածելով, որ նրա մոտ առկա քսանդոլարանոցը եղել է կեղծ:

Հիմա ոստականությունն ամբողջ երկրում բերված է աչալուրջ վիճակի: Իրադրությունը կարող է չափազանց վտանգավոր լինել այնպիսի քաղաքներում հատկապես, ինչպիսին է Միսիուրի նահանգի Ֆերգուսոն քաղաքը, որտեղ սեւամորթների նկատմամբ վերջին տարիներին գրանցվել են ոստիկանների կողմից մի շարք բռնություններ:

Ու եթե պատահի, որ դատարանը Չովինին մեղավոր չհամարի, նման քաղաքներում իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Իսկ այս ընթացքում Կոնգրեսի առաջնորդների երկկուսակցական խումբը քննարկում է ոստիկանության բարեփոխումների օրինագիծը: «Արդարություն ոստիկանությունում» վերնագրված օրենքը, որն արգելում է ծնկի միջոցով կասկածյալին ձերբակալելու եղանակը, մարտ ամսին հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատում, առանց որեւէ հանրապետականի աջակցության:

Սենատում հաստատվելու համար պահանջվելու է առնվազն տասը հանրապետականների համաձայնություն:

XS
SM
MD
LG