Մատչելի հղումներ

Հրազենային հարձակումների ‘’շարքը’’ շարունակվում է ԱՄՆ-ում. Իսկ լուծում դեռ չկա


ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում հինգշաբթի օրը գրանցվել հրազենային զանգվածային սպանության մինչ այժմ վերջին դեպքը, որին զոհ գնաց ութ մարդ:

Նոքսվիլ քաղաքի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակման արդյունքում ապրիլի 12-ին զոհ էր գնացել մեկ աշակերտ: Նման մեկ այլ հարձակման արդյունքում Ջորջիա նահանգում անցյալ ամիս ութ մարդ զոհվեց, որոնցից վեցն ասիացի կանայք էին: Դրանից հետո մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ Քոլորադոյի հանրախանութներից մեկում սպանեցին տասը հաճախորդների: Մարտի վերջին օրը Կալիֆոռնիայում չորս մարդ սպանվեց, որոնցից մեկն իննամյա մի տղա էր:

‘’Ցավում եմ, որ ցավելու մասին այս խոսքերը ստիպված ենք լինում կրկնել այսպես հաճախ’’, հայտարարում է նախագահ Ջո Բայդենը:

Հրազենային հարձակումներին ԱՄՆ-ում միայն անցյալ տարի զոհ է գնացել մոտ 20 հազար մարդ: Եվս 24 հազար մարդ հրազենի միջոցով խլել է իր իսկ կյանքը: Եվ Ամերիկան շարունակում է բաժանված մնալ զենք կրելու ու զենք գնելու իրավունքի հարցի շուրջ:

Ամերիկացիների քառասուն տոկոսի տներում կա զենք: Այս մասին է հաղորդում Փյու հետազոտական կենտրոնը:

Հարցն այն է, որ զենք կրելու իրավունքի մասին կետն ամրագրված է ԱՄՆ-ի սահմանադրության մեջ, եւ զենք կրելու կողմնակիցներն իրենց դիրքորոշումն արդարացնում են սահմանադրության այդ կետով:

Այդ պատճառով առանձին նահանգներ անկախ կերպով են իրականացնում սահմանափակումներ զենքերի վաճառքի հարցում:

Առողջապահության հարցերով փորձագետ Դեյվիդ Հեմենուեյի խոսքերով, անցած 150 տարիների ընթացքում առողջապահական բնագավառում նորարարություններն ու զարգացումը արձանագրել են մարդկանց կյանքի բարելավում, երկարակեցություն, կրճատվել են վարակիչ հիվանդությունները: ‘’Ծխախոտի վաճառքը մենք չենք արգելել, սակայն իրականացված քայլերը հանգեցրել են ծխողների թվի անկման: Չենք արգելել ավտոմեքենաների վաճառքը, սակայն շատ գործ ենք իրականացրել ավտոմոբիլային անվտանգության համար’’, ասում է նա ու հիշեցնում, որ անցած վաթսուն տարիների ընթացքում ամրագոտիների, օդային պարկերի եւ այլ սարքերի կիրառման արդյունքում մահացությունների թիվն անկում է ապրել 85 տոկոսով: ‘’Սակայն նման որեւէ լուծում չի կարող վերացնել հրազենային բռնությունները’’, ասում է նա, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հասարակության մեջ այս հարցի շուրջ տեսակետները ծայրահեղ կերպով տարբեր են: Իսկ երբ հասարակության մեջ առկա է բեւեռացված մթնոլորտ, ինչպես եւ ամեն մի հարց, այնպես էլ հրազենային բռնությունների հարցը երբեք չի կարող ստանալ լիակատար լուծում, մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 100 բնակչի միջին հաշվով բաժին է հասնում 120 միավոր հրազենային զենք:

XS
SM
MD
LG