Մատչելի հղումներ

Ջո Բայդենը սկսում է մեծացնել ֆինանսական ճնշումներն ընդդեմ Ռուսաստանի


Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը հայտարարեց այն պատժամիջոցների մասին, որոնք ուղղված են ընդդեմ Մոսկվայի` կիբեռհարձակումներ իրականացնելու, ընտրություններին միջամտելու եւ այլ գործողություններ իրականացնելու մեղադրանքով:

Այս մասին նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում այս շաբաթասկզբին նախապես էր հայտնել ռուս իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին, նույն զրույցի ընթացքում հրավիրել էր նրան անցկացնել գագաթաժողով երրորդ մի երկրի տարածքում:

‘’Այն բնագավառներում, որտեղ Միացյալ Նահանգներն ունի հետաքրքրություններ, պիտի բանակցի Ռուսաստանի հետ: Իսկ եթե Ռուսաստանը փորձի վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին, մենք հանդես կգանք պատասխան քայլերով’’, հայտարարել էր Բայդենը:

ԱՄՆ-ը հայտարարել է ռուս տասը դիվանագետների երկրից արտաքսելու, 32 հաստատությունների ու անհատ անձանց նկատմամբ պատժամիջոցներ իրականացնելու որոշման մասին: Վաշինգտոնը վերջիններիս մեղադրում է նախագահական վերջին ընտրությունների ժամանակ հօգուտ Դոնալդ Թրամփի իր ազդեցությունը գործելու փորձերի մեջ:

Սակայն կան մեծաթիվ բնագավառներ, որտեղ հարկավոր է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ:

Ինչպես քաղաքական վերլուծաբան Անդրեա Քենդալն է ասում, շատ բնագավառներում Մոսկվան նույնպես ունի երկխոսության մեծ կարիք: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ի հետ ռազմավարկան կայունության շուրջ երկխոսությունը, Աֆղանստանն ու Իրանը:

Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ ազդեցություն են գործել Մոսկվայի վրա նախկին պատժամիջոցները: Ինչպես փորձագետներն են ասում, դրանց ազդեցությունը եղել է գրեթե զրոյական: Սակայն այս անգամ Բայդենը մեծացնում է ճնշման ուժը, արգելելով, որ ԱՄՆ-ի ֆինանսական հաստատությունները գործառույթներ իրականացնեն ռուբլու գոտում գտնվող ռուսական պարտատոմսերի առաջնային շուկայում: Սպիտակ տունը ակնարկել է, որ կարող է արգելել նաեւ երկրորդային շուկաներում առեւտուրը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, Ռուսաստանի պետական պարտքի մոտ ութսուն տոկոսը պատժամիջոցների արդյունքում փոփոխություն չի կրել: ‘’Սակայն մենք այժմ մուտք ենք գործում այդ տարածք’’, ասել է նա:

XS
SM
MD
LG