Մատչելի հղումներ

Քովիդ 19 հիվանդության դեմ պայքարը շարունակվում է


ԱՄՆ-ի առողջապահության դաշնային պաշտոնյաները խորհուրդ են տալիս անհապաղ դադարեցնել քովիդ հիվանդության դեմ Johnson & Johnson պատվաստանյութի կիրառումը արյան խցանումների մասին ստացված հաղորդագրություններից հետո:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը և Սննդամթերքի և դեղերի վարչությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ գործակալությունները հետաքննում են 18-ից 48 տարեկան կանանց շրջանում առաջին ներարկումից հետո տասներեք օրերի ընթացքում «հազվագյուտ և ծանր արյան խցանումների» վեց դեպք:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրում այս պատվաստանյութի ավելի քան 6,8 միլիոն դեղաչափ է ներարկվել: New York Times- ը հայտնում է, որ Նեբրասկա նահանգում մեկ կին է մահացել, ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է մեկ այլ կին:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտարարում է, որ չորեքշաբթի օրը իմունականխարգելման պրակտիկայի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի արտակարգ նիստ կանցկացնի`«այդ դեպքերը քննելու և դրանց հավանական ազդեցությունը գնահատելու համար»:

Johnson & Johnson-ը երկրորդ պատվաստանյութն է, որի կիրառումից հետո որոշ դեպքերում նկատվում են արյան խցանման դեպքեր:

Մի քանի երկրներ նոր ուղեցույցներ են հրապարակել AstraZeneca-իպատվաստանյութի օգտագործման վերաբերյալ այն բանից հետո, երբ Եվրամիության փորձագետները հայտարարեցին մահացու խցանումների ու այս պատվաստանյութի միջև հնարավոր կապի մասին:

Կորոնավիրուսի հետ կապված այլ հաղորդագրությունների համաձայն, դեպքերի մեկօրյա գրանցումների մակարդակով Հնդկաստանը երկրորդ տեղում է հայտնվել: Տխուր առաջին տեղում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները:

Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 168,912 դեպք, երկիր, որտեղ մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 13 միլիոն 600 հազարը: Հիվանդության նոր ալիքի տարածումը համընկնում է հնդկական նահանգներում պատվաստանյութերի սուր պակասի հետ:

Հնդկաստանը կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թվով չորրորդ տեղում է: Այստեղ կորոնավիրուսի հետեւանքով ավելի քան 170 հազար մարդ է մահացել:

Մահացությունների թվով ԱՄՆ-ը եւս առաջին բացասական տեղում է: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 565 հազար մարդ:

ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (354 617), և Մեքսիկան (209 702):

Մեծ Բրիտանիան հայտարարում է նախատեսված ժամանակից ավելի վաղ մարդկանց պատվաստումների ենթարկելու փաստի մասին: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հիսուն եւ ավելի բարձր տարիք ունեցող բոլոր անձանց պատվաստման ենթարկելու մասին, ինչը նշանակում է, որ այստեղ հիվանդությունից պաշտպանված է ավելի քան 32 միլիոն մարդ:

Հազարավոր մարզադահլիճներ, վարսավիրանոցներ, մանրածախ ապրանքների խանութներ և կենդանաբանական այգիներ վերաբացել են իրենց դռները Անգլիայի ամբողջ տարածքում: Վերաբացվել են նաեւ բարերն ու ռեստորանները, որոնք առայժմ սահմանափակվում են միայն բացօթյա ծառայություններով: Նմանատիպ սահմանափակումներ գործում են Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, որոնք ունեն վերաբացման իրենց ժամանակացույցերը:

XS
SM
MD
LG