ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ հանդիպումներ է ունենալու Կոնգրեսում երկու կուսակցությունները ներկայացնող օրենդիրների խմբերի հետ, քննարկելու համար ենթակառուցվածքների մասին իր առաջարկած փաթեթը: Փաթեթը նախատեսում է ֆինանսավորել ճանապարհների ու կամուրջների բարեկարգումը, ապահովել ինտերնետային արագ կապ, կառուցել արագընթաց գնացքների ցանց եւ այլ ծրագրեր: Նա պիտի փորձի օրենսդիրներին խրախուսել հաստատել այդ նախագիծը, ու հիմնական աշխատանքը պիտի կատարի հանրապետականների հետ, երբ Սենատում տեղերը բաժանվել են հավասարապես` 50 աթոռ զբաղեցնում են դեմոկրատները, 50-ը` հանրապետաանները: Բայդենն ասում է, թե ուզում է, որ իր նախագիծն արժանանա երկու կուսակցությունների հավանությանը:
Ինչպես ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն է ասում, նախագահը գիտի, որ իր նախագիծը կարող է դառնալ փոխզիջումների պատճառ: ‘’Այնպես որ, անկախ նրանից այն կներկայացվի որպես մեկ մեծ փաթեթ, թե կազմված կլինի մի քանի փաթեթներից, փաստն այն է, որ Բայդենն ուզում է քննարկել հանրապետականների հետ’’, ասում է նա:
Իսկ հանրապետականներն արդեն հայտնել են իրենց ընդդիմությունն այդ նախագծի վերաբերյալ ու հայտարարել, որ այն շատ մեծ նախագիծ է: Նրանք դեմ են այդ նախագիծը ֆինանսավորելու Բայդենի ծրագրին: Հիշեցնենք, որ Բայդենը մտադիր է դա անել ձեռնարկություններից գանձվող հարկերը 21-ից մինչեւ 28 տոկոս բարձրացնելու հաշվին: Այսինքն սա նախկին նախագահ Թրամփի որդեգրած քաղաքականության հակապատկերն է, որը հարկային կրճատումներ էր իրականացրել խոշոր ընկերություններում:
Սակայն հանրապետականները չեն խուսափում քննարկումներից եւ նույնիսկ հույս են հայտնում, որ կարող են գտնվել համաձայնության եզրեր:
Ասենք, որ Քաղաքացիական ճարտարագետների ամերիկյան ընկերակցության գնահատականի համաձայն ԱՄՆ-ում ենթակառուցվածքները արժանանում են մինուս C գնահատականի, որը հավասարազոր է կրթական համակարգում բավարարից ցածր գնահատականին: Ընկերակցությունը դա պատճառաբանում է մաշվող ճանապարհների ու կամուրջների, օդանվակայանների, ջրամատակարարման համակարգերի ու հասարակական տրանսպորտի համակարգում բարելավումներ անցկացնելու մեծ անհրաժեշտության հետ: