Շարունակվում է Մինեապոլիս քաղաքի ոստիկաններից Դերեք Չովինի դատավարությունը, որը մեղադրվում է Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ: Ինչպես դատավարության ընթացքում փորձագետ Ջոդի Ստայգերն է ասել, ոստիկանի կողմից Ֆլոյդին ինը րոպե ծնկի տակ պահելու համար կիրառված ճնշումը եղել է մահացու: Նա շեշտում է, որ դրա կարիքը չի եղել, քանի որ Ֆլոյդը դիմադրություն չի էլ ցուցադրել ու բացի այդ, նրա ձեռքերը եղել են շղթայված:
Չովինի փաստաբաններն էլ պնդում են, որ Ֆլոյդի օրգանիզմում եղել են թմրանյութեր, ինչն էլ կարող էր դարձած լինել նրա մահվան պատճառ: Մեղադրող կողմը կատարված ձայնագրության մեջ շարունակում է գտնել հատվածներ, որոնք պաշտպանում են իր տեսակետը: Պաշտպաններն էլ փորձում են գտնել բառեր, որոնք պաշտպանում են իրենց պաշպանյալին:
Դատբժշկական հարցերով մասնագետներն էլ իրենց վկայությունների ընթացքում չորեքշաբթի օրն ասել են, որ ոստիկանական ավտոմեքենայի մեջ հայտնաբերված արյունը համապատասխանում է Ֆլոյդի ԴՆԹ-ին:
Ինչեւէ, Չովինին սպառնում են մարդասպանության ու չկանխամտածված սպանության մասին մեղադրանքներ: Սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության հարցով դատավարությունը կշարունակվի մի քանի շաբաթ, սպանություն, որը դարձել էր հանուն սեւամորթների իրավունքների եւ ընդդեմ բռնությունների միջազգային շարժման պատճառ: