Մատչելի հղումներ

Իսրայելի նոր խորհրդարանն ու կառավարության անհայտ ապագան


Երեքշաբթի օրը երդում տվեց Իսրայելի նոր խորհրդարանը, որը կազմավորվել է քաղաքական պատային իրավիճակի պայմաններում: Երդման արարողությունը սկսվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինն իր մոտ հրավիրեց վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հորդորելով կազմել նոր կառավարություն:

Նեթանյահուն, որն այս երկրի պատմության մեջ անընդմեջ ամենաերկարը կառավարած վարչապետն է, այժմ կանգնած է կոալիցիոն նոր կառավարություն կազմելու համար դաշնակիցներ ընտրելու դժվարին խնդրի առջեւ: Ըստ Իսրայելի օրենքների, նա ունի 28 օր, դա անելու համար: Եթե այս ժամանակահատվածում եւ հավելյալ երկու շաբաթների ընթացքում նրան դա չհաջողվի, երկրի նախագահը պետք է ընտրի կառավարություն կազմելու համար մեկ այլ թեկնածու:

Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, կհրավիրվեն համընդհանուր նոր ընտրություններ:

Մարտի 23-ին անցկացված վերջին ընտրությունները, որն անցած երկու տարիների ընթացքում թվով չորրորդն էր, ավարտվել է ո՛չ Նեթանյահուի աջթեւայինների ու կրոնական դաշնակիցների, ո՛չ էլ նրա դեմ հանդես եկող ընդդմադիր դաշինքի մեծամասնության օգտին:

Նոր խորհրդարանի երդման արարողության ժամանակ մի քանի օրենսդիրներ, որոնք ներկայացնում են Իսրայելի արաբական կուսակցությունները, երդման տեքստում ավելացրել էին իրենց կողմից մշակված բառեր, ինչը աղմուկ է բարձրացրել Քնեսեթի սրահում:

XS
SM
MD
LG