Մատչելի հղումներ

Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպում են անցկացնում Իրանի միջուկային գործարքի նախկին բոլոր կողմերը


ԱՄՆ-ին Իրանի միջուկային գործարքին վերադարձնելու ջանքերը նոր թափ ստացան, երբ Իրանի եւ 2015 թվականի գործարքի մյուս հինգ պետությունները երեքշաբթի օրը սկսեցին հանդիպում Վիեննայում:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էր Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս բերել միջազգային այս պայմանագրից, եւ խստացրել պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի: Դրանից հետո Իրանը սկսել էր պարբերաբար խախտել պայմանագրի պահանջները եւ անցել հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված սահմանները: Իրանի այս գործողությունները դիտվում են որպես Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ ճնշումներ կիրառելու փորձ, որպեսզի վերջիններս զսպեին իր դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, Ջո Բայդենը հայտարարեց, թե միջազգային պայմանագրին նորից միանալը եւ Իրանի կողմից միջուկային հարցերում սահմանափակումների կիրառումը իր օրակարգի գլխավոր հարցերից մեկն է: Սակայն Իրանն ու ԱՄՆ-ը դեռեւս չեն կարողանում գալ Թեհրանի պահանջի շուրջ համաձայնության: Հիշեցնենք, որ Իրանը պահանջում է, որ մինչեւ իր կողմից միջուկային ծրագրում սահմանափակումներ իրականացնելը, ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր դեմ կիրառող պատժամիջոցները:

Այժմ Ավստրիայի մայրաքաղաքում են գտնվում ԱՄՆ-ի եւ նախկին գործարքը կնքած պետությունների դիվանագիտական խմբերը, որոնց միանալու է Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբ Մալիի կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի պատվիրակությունը:

Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն է ասում, ‘’այս բանակցությունները առողջ մի քայլ են դեպի առաջ’’: Սակայն նրա խոսքերով, այժմ չի կարելի սպասել, որ խնդիրը շատ արագ դուրս կգա փակուղուց: ‘’Քննարկումները, մեր կարծիքով, լինելու են շատ դժվարին’’, ասել է նա: Ինչ վերաբերում է Իրանի հետ ուղիղ բանակցություններին, նա ասել է, թե իրենք նման հանդիպում դեռեւս չեն կանխատեսում: ‘’Սակայն մենք իհարկե այս հարցում բաց ենք մնում նրանց համար’’, ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

XS
SM
MD
LG