Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահի հետ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, քննարկելու համար քաղաքական հարցեր: Էլիզեյան պալատում անցկացված հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արգելելու ծրագրի մասին: Էրդողանն այս կուսակցությանը մեղադրում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:

Ֆրանսիայի եւ Իրաքի Քրդստանի նախագահներն ընդունել են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու կարեւորությունը: Նրանք զրուցել են քրդական շրջանի Փեշմերգայի ուժերի եւ Իրաքի բանակի միջեւ համագործակցության կարեւորության մասին, որի նպատակը, ըստ նրանց, Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ուժերի վերախմբավորումը թույլ չտալն է:

Մակրոնը վերահաստատել է Իրաքի ու Քրդստանի ինքնավար շրջանի նկատմամբ Իսլամական պետություն խմբավորման դեմ միջազգային դաշինքի շրջանակներում Ֆրանսիայի աջակցությունը:

Բարզանին իր երախտագիտությունն է հայտնել Մակրոնին ու Ֆրանսիային քրդական ինքնավար պետության նկատմամ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար` միեւնույն ժամանակ իր շրջանի պատրաստականությունը հայտնելով Ֆրանսիայի եւ միջազգային համայնքի հետ աշխատելու ուղղությամբ, ‘’որպեսզի լուծում գտնեն Իրաքում տարաձայնությունները եւ որ ապահովվի խաղաղությունն ու կայունությունն այս տարածաշրջանում’’:

Մակրոնն ու Բարզանին վեր են հանել նաեւ Սինջարում եզդիների եւ Նինվեի հարթավայրում քրիստոնյաների կյանքի պայմանների հարցը: Զրուցել են նաեւ Իրաքում ծրագրված ընտրությունների եւ Քրդական ինքնավար մարզում ներքին խնդիրների մասին:

XS
SM
MD
LG