Մատչելի հղումներ

Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կենտրոնացման առիթով


Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարը Մոսկվային մեղադրել էր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու մեջ

ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակը CBS News- ին տված հարցազրույցում մտահոգություն հայտնեց Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ այն բանից հետո, երբ երկրի զինված ուժերի ղեկավար Ռուսլան Խոմչակն ասել էր, որ տարբեր շրջաններից ռուսական զորքեր են բերվում սահմանային գոտի:

Դա կարող է կապված լինել զորավարժությունների անցկացման հետ, բայց Պենտագոնի աղբյուրը նշում է, որ Ռուսաստանն այս տարածքում չի հայտարարել զորավարժություններ:

Երկուշաբթի օրը, ելույթ ունենալով ուկրաինական խորհրդարանում, Խոմչակն ասաց, որ տարբեր շրջաններից ռուսական զորքեր են բերվում ուկրաինական սահմանների մոտ՝ մարտական պատրաստվածությունը պահպանելու և զորավարժություններին նախապատրաստվելու պատրվակով՝ «զորքերի աստիճանական կուտակումներ իրականացնելով Ուկրաինայի պետական սահմանին»: Նա նաեւ մեղադրեց Մոսկվային Կիեւի նկատմամբ «ագրեսիվ քաղաքականություն» վարելու մեջ:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները վատթարացել էին Ղրիմի բռնակցումից հետո: Վերջերս ճգնաժամն էլ ավելի է խորացել: Ընդամենը չորս օր առաջ Ուկրաինայի արեւելքում ռուս անջատողականների գնդակոծության արդյունքում սպանվել է չորս ուկրաինացի զինվորական:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հաստատել է բռնությունների աճի մասին տեղեկությունը, սակայն մեղադրել ուկրաինական ուժերին:

Կրեմլի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինը, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ ունեցել է հեռախոսազրույց, ուր Ռուսաստանի նախագահը հայտնել է «լուրջ անհանգստություն Ուկրաինայի կողմից հրահրված զինված ընդհարման սրման կապակցությամբ»:

Անցյալ շաբաթ Կիեւում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել ՝ կոչ անելով Ռուսաստանին «պահպանել հրադադարի ռեժիմը» և «դադարեցնել առօրյա բռնությունները» և իր ագրեսիան Ուկրաինայի դեմ:

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, երկուշաբթի օրը նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ և հաստատել, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և եվրատլանտյան ինտեգրման ջանքերը շարունակվող ագրեսիայի պայմաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG