Մատչելի հղումներ

Ձերբակալվել է ասիացի-ամերիկացի կնոջ վրա Նյու Յորքում հարձակում իրականացրած անձը


ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որին կասկածում են Նյու Յորքում ասիացի-ամերիկացի մի կնոջ վրա իրականացրած հարձակման մեջ, որի ընթացքում ոտքով նա պարբերաբար հարվածել է կնոջ ստամոքսին ու գլխին: Ականատեսներից որեւէ մեկն այդ ընթացքում օգնություն չի ցուցաբերել: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են ամբողջ ընթացքը, երբ հավաքվածները պարզապես դիտել են կատարվածը: Շենքում գտնվող անվտանգության ծառայության աշխատակիցները նույնպես հանդես են եկել դիտողի դերով: Նրանցից մեկը, ինչպես գրանցվել է անվտանգության տեսախցիկների կողմից, հեռախոսազանգ է իրականացրել:

Շենքի վարչությունը հայտնում է, որ հարձակումը լուռ դիտած անվտանգության աշխատակիցները հեռացված են աշխատանքից:

65-ամյա կինը հիվանդանոց է տեղափոխվել լուրջ վնասվածքներով:

Ձերբակալված Բրենդոն Էլիոթի դեմ հարուցվել է ատելության հողի վրա վնաս հասցնելու մասին մեղադրանք:

Նախագահ Ջո Բայդընն այս հարձակումից մեկ օր անց, երեքշաբթի օրն ասել է, թե ասիացի ամերիկացիների դեմ աճող բռնությունների կապակցությամբ ինքը չի կարող լուռ մնալ: Նա ասիացիների դեմ հանցագործությունները կանխելու հավելյալ քայլերի մասին է հայտարարել:

Հիշեցնենք, որ Ջորջիա նահանգում երկու շաբաթ առաջ իրականացված հարձակման արդյունքում զոհված ութ անձանցից վեցն ասիացի կանայք էին:

Ասիացիների իրավուքները պաշտպանող կազմակերպություններն անցյալ տարվա մարտի 19-ից մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը ստացել են ասիացի ամերիկացիների դեմ իրականացված 3795 հարձակումների մասին տեղեկություններ:

Միայն Նյու Յորք քաղաքում ատելությամբ պայմանավորված հարձակումները կանխելու նպատակ ունեցող ուժերն անցյալ տարի հետաքննել են 27 դեպք, ինչը ինն անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

XS
SM
MD
LG