Նախագահ Ջո Բայդենը բարձր գնահատականների է արժանացել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի և տնտեսության վերականգմանն ուղղված ջանքերի համար: Սակայն առկա են նաև Բայդենի վարչակազմի համար մտահոգիչ նախանշաններ՝ կապված այլ հարցերի հետ: Այս մասին են վկայում ABC News հեռուստաընկերության և Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման արդյունքները:
Կորոնավիրուսային համաճարակի դեմ նախագահի արձագանքը դրական է գնահատել հարցվածների 72 տոկոսը: Նախորդ ամիս՝ նախքան Կոնգրեսի 1,9 տրիլիոն դոլարանոց տնտեսական օգնության փաթեթի ընդունումը, այդ ցուցանիշը 68 տոկոս էր: Հարցվածների 28 տոկոսը համաձայն չէ Բայդենի վարչակազմի գործողությունների հետ:
Չորս ամերիկացիներից երեքը ևս աջակցում են Բայդենի ջանքերին ՝ COVID-19 դեմ պատվաստվելու հարցում:
Հստակ մեծամասնությունը (60 տոկոս) հավանություն է տալիս երկրի տնտեսական վերականգնմանն ուղղված Բայդենի ջանքերին. մոտ 40 տոկոսը հավանության չի արժանացրել Բայդենի տնտեսական քաղաքականությունը:
Այնուամենայնիվ, իր պաշտոնավարման առաջին երկու ամիսներին նախագահը բախվեց կարևոր մարտահրավերների. ԱՄՆ-ում տեղի ունեցան հրազենի կիրառմամբ զանգվածային սպանության երկու ողբերգական դեպքեր, իսկ ներգաղթյալների հարցում լարված վիճակ է ստեղծվել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով:
Ամերիկացիների կեսից ավելին ՝ 57 տոկոսը, հավանություն չի տալիս նրա մոտեցումներին զենքի վերահսկման և ներգաղթի հարցերում, իսկ հարցվածների 40 տոկոսից ավելին աջակցում է նախագահին:
Հարցում. Ամերիկացիները բարձր են գնահատում Բայդենի գործողությունները համաճարակի դեմ պայքարի հարցում

Միևնույն ժամանակ, հարցվածների մեծ մասը քննադատում է նախագահի մոտեցումները զենքի վերահսկողության և ներգաղթի ոլորտներում
Facebook Forum