Մատչելի հղումներ

Ազգերի բրիտանական համագործակցությունը` վտանգի տակ


Իշխան Հարրին եւ Մեգանը անցյալ տարի հրաժարվեցին բրիտանական թագավորական ընտանիքի անդամի իրենց պարտականություններից եւ տեղափոխվեցին ԱՄՆ: Հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նրանց պատմած այն պատմությունը, ըստ որի թագավորական ընտանիքում մտահոգություն է առաջ բերել իրենց որդու` Արչիի մաշկի գույնը, ցնցեց Մեծ Բրիտանիան ու նման արձագանք ստացավ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ երկրներում:

Համագործակցության անդամ պետություններից Բարբադոսն արդեն իսկ ուներ զրկել Անգլիայի թագուհուն այս պետության գլուխ հանդիսանալու դերից:

Ինչպես Մեծ Բրիտանիայում այս երկրի նախկին դեսպան Գայ Հեուիթն է ասում. ‘’Հարցազրույցը եւս մեկ անգամ շեշտում է այն հանգամանքը, որ թագավորական ընտանիքը դեռեւս լիովին չի ըմբռնում զանազանության իմաստը եւ չի հասկանում այն իրենը դարձնելու կարեւորությունը’’:

2018 թվականին պարզվել էր, որ Մեծ Բրիտանիան սխալմամբ մերժել էր Կարիբյան գաղութներից այստեղ տեղափոխված միգրանտներին քաղաքացիություն շնորհել, նրանց, ովքեր այստեղ էին ժամանել Երկրորդ աշխարհամարտից հետո: Եվ հարյուրավոր միգրանտներ, որոնք ունեին այստեղ մնալու իրավունք, պարտադրաբար արտաքսվել էին երկրից: Ոմանք զրկվել էին առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքից ու պետական այլ ծառայություններից:

62-ամյա Էնթոնի Բրայընը 2015 թվականին կանգնել էր Ջամայկա արտաքսվելու վտանգի առաջ, Մեծ Բրիտանիայում կես դար ապրելուց հետո: Նրա խոսքերով, ինքը դրանից հետո կորցրել է Մեծ Բրիտանիայի նկատմամբ տածած իր նախկին վստահությունը:

Եղիսաբեթ թագուհին Բրիտանական համագործակցության անդամ պետություններից Նիգերիա է վերջին անգամ այց կատարել 2003 թվականին: Ինչպես տեղի վերլուծաբաններից Իդայաթ Հասանն է ասում, թագավորական ընտանիքում առկա ռասիզմի դրսեւորումը ցնցող երեւյթ է:

Դա կարող է ապացուցել, ասում է նա, որ այս համագործակցությունը չունի փոխադարձ շահ:

Սակայն շատերն էլ պաշտպանում են թագավորական ընտանիքին: Օրինակ մեկնաբան Փեննի Ջյունորն ասում է, թե ինքը ռասիզմի որեւէ նշույլ չի տեսել այս ընտանիքում:

Իսկ Հեուիթի խոսքերով, այս տարակարծությունը ցույց է տալիս, որ առկա են խորը, պատմական խնդիրներ, որոնց այսօր Մեծ Բրիտանիան պիտի տա պատասխաններ: ‘’Մեծ Բրիտանիան պիտի ասի ճշմարտությունը, վեր հանի ռասիստական գաղութատիրական քաղաքականության մանրամասները եւ աշխատի 21-րդ դարի ոգուն համահունչ ուղիներ գտնելու համար’’:

Շատերն են ասում, որ Բրիտանական համագործակցության ապագան մեծապես կհայտնվի վտանգի տակ, երբ գա թագը թագուհուց նրա որդուն` իշխան Չարլզին փոխանցելու ժամանակը:

XS
SM
MD
LG