Մատչելի հղումներ

Հարկավոր է պատվաստանյութի 15 միլիարդ չափաբաժին


Կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ում այս պահին կիրառվում է երեք պատվաստանյութ` Pfizer-ը, Moderna-ն, որոնց վերջերս միացավ նաեւ Johnson եւ Johnson-ը: Ինչպես փորձագետներն են ասում, երեք պատվաստանյութերն էլ անցել են ստուգումների խիստ փուլ:

Բրիտանա-շվեյցարական AstraZeneca-ն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, սակայն եվրոպական որոշ երկրներ վերջերս ժամանակավորապես դադարեցրել էին դրա կիրառությունն այն մտավախությամբ, որ այն առաջ է բերում արյան անոթների խցանում: Սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված ստուգումներից հետո այն նորից ստացավ կիրառվելու համար արտոնություն:

Ինչպես կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն է ասել, այս պատվաստանյութը չափազանց կարեւոր է, քանի որ այն կազմում է COVAX ծրագրի միջոցով տարբեր երկրների հատկացող պատվաստանյութերի 90 տոկոսը: Հիշեցնենք, որ այս ծրագրով պատվաստանյութեր են հատկացվում աշխարհի առավել աղքատ երկրներին:

Աշխարհի այլ երկրներում եւս արտադրվում են պատվաստանյութեր: Դրանց շարքում են ռուսական Sputnik V-ն եւ չինական մի քանի միջոցներ: Սակայն այս պատվաստանյութերը, ինչպես փորձագետներն են հիշեցնում, չեն անցել փորձարկման բոլոր փուլերը, եւ այժմ մեծ թվով մարդկանց պատվաստելու արդյունքում հնարավոր կլինի պարզել դրանց արդյունավետությունը:

Սակայն ռուսական ու չինական արտադրության պատվաստանյութերը լայն կիրառում են գտնում աշխարհի մեծ թվով երկրներում, եւ մինչ այժմ դրանց արդյունավետությունը կասկած չի հարուցել:

Եթե ժամանակին ամենամեծ խնդիրը պատվաստանյութ հայտնաբերելն էր, այժմ գլխավոր խնդիրը դրանց արտադրությունն է: Աշխարհում այս համավարակը վերացնելու համար, ասում են փորձագետները, հարկավոր է արտադրել պատվաստանյութի մոտ 15 միլիարդ չափաբաժին:

XS
SM
MD
LG