Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մահաբեր ամեն մի նոր հարձակում վեր է հանում հրազենի մասին օրենքները խստացնելու հարցը


ԱՄՆ-ում նորից իջեցվել են պետական դրոշները: Պատճառը նորից հրազենային հարձակումն է, որի արդյունքում Քոլորադո նահանգի սուպերմարկետներից մեկում զոհ գնաց տասը մարդ: Դրան նախորդել էր Ջորջիա նահանգում իրականացված սպանդը:

Եվ ահա նախագահ Ջո Բայդենը հորդորում է Կոնգրեսին անմիջապես իրականացնել քայլեր` խստացնելու համար զենք գնելու մասին օրենքները:

‘’Մենք կարող ենք եւս մեկ անգամ պարզապես արգելել գրոհային զենքերը’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ այդ տիպի զենքերի վաճառքը տասը տարով արգելվել էր 1994 թվականին: 2004-ին վաճառքը վերսկսվելուց հետո չէր հաջողվել այն երկարաձգել հանրապետականների կողմից ուժգին ընդդիմության արդյունքում: Սուր հակասություններն այսօր էլ շարունակվում են Սենատում:

‘’Որպես ամերիկացի, ես մեծապես եմ հարգում զենք կրելու իմ իրավունքը’’, շատերի պես հայտարարում է հանրապետական սենատոր Չաք Գրեսլին:

Բայդենը Սենատին առաջարկում է նաեւ ընդունել զենք գնողների ինքնությունը եւ նրանց մասին տեղեկությունների ուսումնասիրությունը խորացնելու մասին օրենքներ: Ի դեպ այս հարցն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում:

Դեմոկրատ կոնգրեսական Ռիչարդ Բլումենթալի խոսքերով, մարդկանց հոգեկան ու քրեական անցյալի մասին տեղեկությունների ստուգումները խստացնելու արդյունքում մեծապես կկրճատվեն ինքնասպանությունները, զանգվածային սպանություններն ու ատելության հողի վրա իրականացվող հրազենային հարձակումները:

Դեմոկրատ նախկին նախագահները, այդ թվում Բարաք Օբաման, չնայած փորձել ընդունել նման օրենք, սակայն դա նրանց չի հաջողվել:

Չէ որ զենք կրելու իրավունքն ԱՄՆ-ում ամրագրված է երկրի սահմանադրության երկրորդ հավելման մեջ: Բացի այդ Ամերիկայում գործում է զենքի վաճառքը խրախուսող ուժեղ լոբբի:

Դրա արդյունքում ամերիկացիներին է պատկանում աշխարհի քաղաքացիական անձանց մոտ գտնվող զենքերի 45 տոկոսը: Սա նշանակում է, որ 120 հրազեն է այստեղ բաժին հասնում յուրաքանչյուր 100 անձանց: Այստեղ է հրազենային հարձակումներից մահացությունների ամենաբարձր ցուցանիշը: ԱՄՆ-ում միայն 2019 թվականին հրազենային հարձակումներին զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ:

XS
SM
MD
LG