Մատչելի հղումներ

Ռուսական պետական մամուլն ապատեղեկատվություն է տարածում  պատվաստանյութերի մասին


Ռուսաստանում մամուլի պետական չորս միջոցներ կեղծ տեղեկություններ են տարածում Արեւմուտքում կիրառվող պատվաստանյութերի մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

Մամուլի այդ ծառայությունները տարածում են լուրեր այն մասին, որ կորոնավիրուսի դեմ Pfizer եւ Moderna ընկերությունների ստեղծած պատվաստանյութերն արդյունավետ միջոցներ չեն, եւ որ այդ պատվաստանյութերն արտադրող ընկերությունները շրջանցել են լիազորագիր ստանալու համար անհրաժեշտ որոշ պայմաններ:

Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Էդուարդ Փրայսն է ասում, Ռուսաստանը հավատարիմ է մնում իր հին հնարքներին, ինչի արդյունքում կարող է վտանգի ենթարկել մարդկանց իր ապատեղեկատվությամբ:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, իրենք շարունակ են պնդելու այն փաստը, որ այս պատվաստանյութերն անվտանգ են, եւ որ դրանք հաստատվել են երկրի Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչության կողմից:

Ըստ ռուսական այս կայաններից մեկի`News Front-ի, կորոնավիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերի մասին ռուսական պետական մամլո ծառայությունների կողմից տարածվող թվիթերյան 50 գրառումներից 48-ը կենտրոնանում են Pfizer-ի պատվաստանյութի վատ հետեւանքների վրա:

Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբաններից Բրեթ Շաֆերն այն կարծիքին է, որ այդ եղանակով ռուսներն ուզում են խրախուսել իրենց արտադրության Sputnik V պատվաստանյութի կիրառումը:

2016 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ տարածվող ռուսական ապատեղեկատվության նման, հստակ չի կարելի ասել, թե որքան ազդեցություն է այդ ապատեղեկատվությունն այսօր ունենում պատվաստանյութերի հարցում: Սակայն մի բան շատ հստակ է, որ այն առաջ է բերում տարակուսանք:

Կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Քեթլին Քարլիի խոսքերով, դրա արդյունքում կարող է ավելանալ այն մարդկանց թիվը, որոնք ընդհանրապես ունեն մտավախություն պատվաստման ենթարկվելու հարցում:

Ռուսական Sputnik V-ը դեռեւս չի ստացել Եվրոպական միությունում կիրառվելու արտոնագիր, սակայն այն արդեն իսկ կիրառվում է աշխարհի առնվազն հիսուն երկրներում:

XS
SM
MD
LG