Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի առջեւ ծառացած մարտահրավերները


Միջատլանտյան հարաբերություններում հաստատվում են նոր կանոններ: Չորս տարի առաջ էր, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն ‘’հնացած’’ անվանեց: Երկրի նոր վարչակազմում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշնակից երկրներին տեղեկացնում է, որ Ամերիկան ձգտում է վերականգնել վստահությունը:

‘’Դուք ունեք մեր անսասան ուխտը եւ Ամերիկան ամբողջովին նվիրված է ՆԱՏՕ-ին’’, ասել է Բլինքենը:

Դաշինքի առջեւ ծառացած ռազմական սպառնալիքների մասին խոսելիս` Բլինքենն անդրադարձել է Չինաստանին, ասելով, որ այդ երկրի նկրտումներն աճում են տարեց տարի, երբ Պեկինն այս բնագավառում զարկ է տալիս ժամանակակից տեխնոլոգիաներին: ‘’Նույնը տեսանելի է Ռուսաստանի պարագայում, ինչը մեծ մարտահրավեր է մեր դաշինքի համար’’, ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը, իր հերթին եւս` նախազգուշացրել Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնացող վտանգների մասին:

‘’Տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում նորանոր միջուկային զենքերի տեղակայումների ընթացքը: Այդ պատճառով կարեւոր ենք համարում նոր պայմանագրի կնքումը, որը կստորագրեր նաեւ Չինաստանը’’, ասել է նա:

Վերլուծաբան Սիմոնա Սոարը նույնպես վտանգ է համարում Չինասատանի զինված ուժերի հզորացման փաստը: ‘’Խոսքն այժմ ոչ թե դեպի հնդկական ու խաղաղօվկիանոսյան երկրներ ՆԱՏՕ-ի ընդարձակման, այլ դեպի Եվրոպա Չինաստանի տարածման մասին է: Մեծ իրազեկություն է հարկավոր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որոնք կարող են թիրախավորել պոտենցիալ ռազմավարական տեխնոլոգիաները կամ կարևոր ենթակառուցվածքները Չինաստանում’’, ասում է նա:

Խոսելով ՆԱՏՕ-ի ծախսերի մասին` Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Եվրոպայի իր դաշնակիցները կկատարեն ծախսումների համար նախատեսված հատկացումները:

Սակայն չի կարելի ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքում առկա է ներդաշնակությունը: Գաղտնիք չէ ներսում գործող լարվածությունը: Այս առումով Բլինքենը հորդորում է Թուրքիային դադարեցնել ռուսական S-400 մակնիշի հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը: Թուրքիան, ի պատասխան, հայտարարում է, որ գործարքն ավարտված է:

Բլինքենը Բրյուսելում անդրադարձել է նաեւ ‘’Հյուսիսային հոսք 2’’ խողովակաշարին, որը ռուսական գազը նախատեսում է տեղափոխել դեպի Գերմանիա: Եվ չնայած Չինաստանի դեմ առկա լարվածությանը, Եվրոպական միությունն ավարտին է հասցնում Պեկինի հետ առեւտրային գործարքը: Բլինքենը կոչ է անում այդ երկրներին տեխնոլոգիական բնագավառներում համագործակցության շրջանակներում ցուցաբերել զգուշավորություն:

Ինչ վերաբերում է միջատլանտյան նոր հարաբերութուններին` ընդհանուր առմամբ, փորձագետներն ասում են, որ այդ մասին կարելի է խոսել քիչ ավելի ուշ, քանի որ այս դաշինքի առջեւ կանգնած են սպառնալիքներ մի քանի անկյուններից:

XS
SM
MD
LG