Մատչելի հղումներ

Բայդենը Հարրիսին նշանակել է ներգաղթի հարցերով պատասխանատու


ԱՄՆ-ը բախվում է մեծ մասամբ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթի հոսքի հետ կապված խնդրին,  ովքեր ժամանում են ԱՄՆ-Մեքսիկա սահման

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշանակել է փոխնախագահ Քամալա Հարրիսին որպես երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ երկրի հարավում ներգաղթյալների խնդրի հարցում պատասխանատու:

«Մենք այժմ ունենք ամբողջական թիմ», - ասել է Բայդենը չորեքշաբթի օրը՝ ընդգծելով, որ Հարրիսի թեկնածությունն այդ գործառույթում լավագույնն է, քանի որ վերջինս ժամանակին զբաղեցրել է Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը:

Նախագահն ընդգծել է, որ լիազորում է Հարրիսին խոսել այս հարցում իր անունից և ամբողջապես վստահում է նրան:

«Ես ձեզ ծանր աշխատանք եմ հանձնարարում, իսկ դուք ժպտում եք», - կատակել է Բայդենը:

Հարրիսն ընդգծել է, որ սպասվում է ծանր աշխատանք՝ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին ներգաղթյալների հոսքի հետ կապված իրավիճակը որակելով «բարդ»:

Փոխնախագահն ասել է, որ ցանկանում է աշխատանքներ տանել Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի պետական և մասնավոր հատվածների ղեկավարների հետ, ինչպես նաև համագործակցել Մեքսիկայի և մայրցամաքի այլ երկրների հետ:

Իր խոսքում Հարրիսն ասել է, որ չնայած այսօրվա վարչակազմի դիրքորշմանը ներգաղթյալների հարցում՝ իրենք նաև կապահովեն օրենքի պահպանումն այս ոլորտում: Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այն հիմնական պատճառներին, որոնց արդյունքում մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը:

Վերջերս Սպիտակ տունը մեծ ճնշման տակ է հանրապետական քննադատների և Կոնգրեսի դեմոկրատների կողմից, որոնք պահանջում են վարչակազմից արձագանքել Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքի խնդրին:

Երբ Բայդենը երկու ամիս առաջ ստանձնեց նախագահի պաշտոնը, նա դադարեցրեց սահմանային պատի կառուցումը, որը նախաձեռնել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահ Բայդենն ասել էր, որ ներգաղթյալների նկատմամբ մոտեցումը կլինի ավելի մարդկային:

Չորեքշաբթի օրը Բայդենը մեղադրեց Թրամփի վարչակազմին ներգաղթյալների ներհոսքի համար՝ ասելով, որ Թրամփի վարչակազմը 700 միլիոն դոլար կրճատել է այն միջոցներից, որոնք նախատեսված էին Կենտրոնական Ամերիկայի երեք երկրների խնդիրները լուծելու համար: Այժմ Բայդենը ցանկանում է վերադարձնել այս միջոցները:

Այնուամենայնիվ, Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականության կողմնակից Սթիվեն Միլլերը Twitter- ում գրել է, որ մարդկանց ներկա հոսքը Բայդենի Սպիտակ տան քաղաքականության ձախողման արդյունք է:

«Այս ամբողջ ճգնաժամն առաջացել է ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու քաղաքականությունից հրաժարվելու արդյունքում», - գրել է Սպիտակ տան նախկին ավագ խորհրդականը:

Facebook Forum

XS
SM
MD
LG