Մատչելի հղումներ

 
Պատերազմներ հայտարարելու գործում Կոնգրեսի ու երկրի նախագահի լիազորության սահմանները

Պատերազմներ հայտարարելու գործում Կոնգրեսի ու երկրի նախագահի լիազորության սահմանները


Երկու տասնամյակների ընթացքում Աֆղանստանում ու Իրաքում, այնուհետեւ Սիրիայում ու Եմենում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունների հարցն այսօր դրված է երկրի Կոնգրեսի քննարկմանը: Խոսքը պատերազմական գործողություններ սկսելու հարցում նախագահին տրված լայն իրավասության մասին է:

‘’Անցած 20 տարիների ընթացքում իրար հաջորդած վարչակազմերը յուրովի են մեկնաբանել այդ իրավասության մասին օրենքի տեքստը, իրենց համար ապահովելով պատերազմ հայտարարելու իրավունքը’’, ասում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միիքսը: Նա դժգոհություն է հայտնում, որ այս գործընթացում բացառվել է պատերազմի և խաղաղության հարցերը որոշելու գործում Կոնգրեսի դերը:

Համաձայն ԱՄՆ-ի սահմանադրության, պատերազմ հայտարարելու լիազորություն ունի Կոնգրեսը: Սակայն 2001 եւ 2002 թվականների Ռազմական ուժի օգտագործման թույլտվություն անվանումը ստացած որոշումները արտերկրում ռազմական եղանակով ներգրավվելու լայն լիազորություններ տվեցին ԱՄՆ-ի նախագահներին:

Կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնի խոսքերով, նախագահներն աստիճանաբար իրենց ձեռքն են վերցնում այդ պարտականությունն ու իրավունքը եւ Կոնգրեսին փոխանցում ռազմական գործողություններ սկսելու մասին միայն նվազագույն տեղեկություններ: ‘’Ու եթե այսօր մենք ոչինչ չանենք, կարող ենք կանգնել նոր անակնկալների առջեւ’’, ասում է նա:

Նախագահներին տրված այս լիազորությունները չեղյալ համարելու նախկին ջանքերը կասեցվել են թե՛ մեկ, եւ թե՛ մյուս կուսակցության կողմից: Հանրապետականները նույնիսկ պնդել են, որ նախագահին այդ լիազորությունից զրկելու հանգամանքը երկիրը կարող է դարձնել ահաբեկչության առջեւ խոցելի:

Սակայն խնդիրը վերանայելու հարցը վերակենդանացավ այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր լարվածությունից հետո: Սպիտակ տունը ազդարարում է, որ պատրաստ է աշխատել Կոնգրեսի հետ`այդ լիազորությունները չեղյալ համարելու համար:

Սենատոր եղած տարիներին Ջո Բայդենը հանդես է եկել պատերազմներ հայտարարելու հարցում Կոնգրեսին ավելի մեծ լիազորություններ տալու առաջարկի օգտին: Եվ այսօր, երբ նա Սպիտակ տանն է, կարելի է ենթադրել, որ Կոնգրեսը կվերստանձնի այս չափազանց կարեւոր հարցում իր պատասխանատվությունը, ասում են փորձագետները:

Այնպես որ, պատերազմ հայտարարելու հարցում նախագահներին ավելի լայն իրավունք տալու մասին երկու տասնամյակների ընթացքում գործած օրենքն այս պահին դրված է ԱՄՆ-ի Սենատի առջեւ:

XS
SM
MD
LG