Մատչելի հղումներ

‘’ՆԱՏՕ-ի պահպանումը Ամերիկայի արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է’’. Բլինքեն


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում ասաց, որ ԱՄՆ-ում մեծապես են աջակցում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու Բայդենի վարչակազմի քաղաքականությանը: Ըստ նրա, ամերիկացիների 90% -ը կարծում է, որ դաշինքի պահպանումը Ամերիկայի համար իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է:

Սա էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետի կողմից այստեղ կատարած իր առաջին այցի գլխավոր ուղերձը, որը մեծապես է տարբերվում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի չորս տարի վարած արտաքին քաղաքականությունից:

Բլինքենի խոսքերով, աշխարհի առջեւ կանգնած ամենամեծ սպառնալիքներն ունեն ռազմական ու տեխնոլոգիական բնույթ, որոնց ավելացել է նաեւ COVID-19-ի համավարակը:

‘’Չինաստանի և Ռուսաստանի կողմից տեխնոլոգիական եղանակներով շուկաներ և այլ «կարևոր ռեսուրսներ» մուտք գործելու հանագամանքը վերջին տարիներին մեծապես է վնասում երկարամյա դաշինքները’’, ասել է Բլինքենը:

ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջեւ դրված է այսօրվա սպառնալիքներին հարմարվելու և հարաբերությունները նորացնելու պարտավորություն, որպեսզի լուծում ստանան «տնտեսական, տեխնոլոգիական և գաղափարական ոլորտներում առկա խնդրիները»:

Բլինքենի խոսքերով, Չինաստանի ագրեսիվ քաղաքականությունը անկասկած սպառնում է գլոբալ անվտանգությանը, բայց ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին դա չպետք է հետ պահի աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության հետ հարաբերություններից:

Չորեքշաբթի օրակարգում ներառված էին առանձին բանակցություններ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, հանդիպում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելի հետ:

Բրյուսելում երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկման գլխավոր թեմաներից մեկը ՆԱՏՕ-ի առաքելությունն է Աֆղանստանում, քանի որ մոտենում է մայիսի 1-ին վերջնաժամկետը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ողջունում է խաղաղության ջանքերը`շեշտելով, որ դա Աֆղանստանում տևական քաղաքական լուծում տանող միակ ճանապարհն է»:

XS
SM
MD
LG