Մատչելի հղումներ

Նոր տարաձայնություններ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում


Վաշինգտոնի Շերիդան հրապարակ, 2017թ. մայիսի 17
Վաշինգտոնի Շերիդան հրապարակ, 2017թ. մայիսի 17

Վերջերս նոր զարգացումներ են արձանագրվել Շերիդան հրապարակում 2017թ. մայիսին թուրք թիկնապահների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու միջադեպի  պատճառով: Փորձագետները գնահատում են այս զարգացման ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում

Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, ԱՄՆ արդարադատության նախարարության 2021 թ. մարտի 9-ի որոշումը մեկ քայլ առաջ է Թուրքիային պատասխանատվության ենթարկելու առումով՝ մայրաքաղաք Վաշինգտոնի Շերիդիանի անունը կրող հրապարակում 2017թ. մայիսին Էրդողանի դեմ ցույց իրականացնող ցուցարարներին ծեծելու համար:

Արդարադատության նախարարության կարծիքով թուրք թիկնապահների գործողությունները ողջամիտ չէին, ուստի չեն նախատեսում անձեռնմխելիություն: Չկար որևէ սպառնալիք Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ: Նույն դիրքորոշմանն են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները՝ արդարադատության նախարարին ու պետքարտուղարին ուղղված իրենց նամակում: Այս մոտեցումն ամրագրվել է նախօրեին Վաշինգտոնի դատարանի որոշմամբ, որը մերժել է թուրք թիկնապահներին անձեռնմխելիություն շնորհելու թուրքական կողմի հայցը, որի պնդմամբ այս դեպքում անհրաժեշտ է կիրառել առաջնորդների անձեռնմխելիության դրույթը:

''ԱՄՆ արդարադատության նախարարությունը, պետքարտուղարությունը իրենց ճեպազրույցներում նշում են, որ այո, օտարերկրյա առաջնորդներն ունեն անձեռնմխելիություն, բայց դա չի նշանակում, որ նրանց թիկնապահները կարող են պարզապես հարձակվել մարդկանց վրա'',- ասում է Ahval News-ի անգլերեն բաժնի խմբագիր, լրագրող Իլհան Թահիրը:

Թուրք լրագրող Իլհան Թահիրը հակված չէ կարծելու, որ այսպիսով ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է պատժել Թուրքիային: Երկու երկրների միջև առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, ներառյալ Սիրիայի քրդերի, ժողովրդավարության, մարդու իրավուքնների պաշտպանության, Ս-400 հրթիռների, թուրքական պետական Halkbank-ի և այլ հարցերի շուրջ:

''Չեմ կարծում, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է դաս տալ Թուրքիայի ղեկավար Էրդողանին և քաղաքական դիրքորոշում է որդեգրում այս հարցում: Կարծում եմ, որ առկա ապացույցները և բազմաթիվ տեսանյութերը հստակ ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները ծեծում են մարդկանց, ովքեր անզեն են՝ հակառակ թուրք փաստաբանների պնդումներին: Ի դեպ մարդկանց մեծ մասն Ամերիկայի քաղաքացիներ են՛՛,- ընդգծում է Թահիրը:

Այս ամենն է՛լ ավելի է սրում Թուրքիայում հակաարևմտյան տրամադրությունները, իսկ իշխանամետ մամուլը անտեսում է ՛՛Շերիդան հրապարակ՛՛-ի գործի նոր ընթացքը: Էրդողանն ԱՄՆ-ին է մեղադրում բոլոր խնդիրների ու ոլորտների ձախողումների մեջ, ներառյալ տմտեսական, քաղաքական, պայքարն ահաբեկչության դեմ կամ քրդական հարց:

՛՛Թուրք հանրությունն արդեն հակաամերիկյան է տրամադրված առնվազն յոթ-ութ տարի շարունակ Էրդողանի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով՛՛,-շեշտում է Թահիրը:

Իլհան Թահիրը չի բացառում, որ գալիք ապրիլի 24-ին Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը կհանգեցնի նոր ճգնաժամի Վաշինգտոնի ու Անկարայի միջև:

՛՛Նախագահ Բայդենը կարող է որակել այն որպես ցեղասպանություն, ի տարբերություն Ռոնալդ Ռեյգանից հետո նախորդ մյուս նախագահների: Սա կարող է վերածվել առաջիկայում մեկ այլ խնդրի՛՛,- նշում է Թահիրը:

Թուրք լրագրողը վստահ է՝ այս բոլոր զարգացումները խորացնում են ճգնաժամը թուրք-ամերիկյան հարաբեչույուններում: Նախագահներ Բայդենի ու Էրդողանի այդպես էլ չկայացած հեռախոսազրույցը դրա վառ ու վերջին քսան տարիների համար աննախադեպ ապացույցն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG