Մատչելի հղումներ

Կովիդ 19-ի հնարավոր ազդեցությունը սրտի վրա


Կովիդ 19 հիվանդությունը հիմնականում լուրջ բարդություններ է հարուցում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Ինչպես Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից Սամիր Քափադիան է ասում. ‘’Շատերը գիտեն, որ այն ազդում է թոքերի վրա: Սակայն կովիդը մեծապես կարող է ազդել նաեւ սրտի վրա, արյունը դեպի երակներ մղելու սրտի կարողության վրա: Այն նաեւ բացասաբար է ազդում արյան մակարդելիության վրա, որն առաջ է բերում արյան խցանումներ’’:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային այս հիվանդությունը կարող է նույնիսկ վնասել առողջ սիրտը, եթե նույնիսկ այն կրող անձինք դա չեն նկատում:

Թեքսասի առողջապահական գիտական կենտրոնի գլխավոր սրտաբան Ալեն Անդերսոնն ասում է, որ այս հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն: Նա նույնպես գտնում է, որ սա վերաբերում է նաեւ այն հիվանդներին, որոնք նախկինում չեն ունեցել սրտի հետ կապված խնդիրներ: ‘’Սրտի կաթվածի նախապայման հանդիսացող արյան ֆերմենտի մարկերի բարձրացում է գրանցվում նաեւ որոշ վարակակիրների մոտ, որոնք նախկինում չեն ունեցել զարկերակային խցանումներ: Ոմանց մոտ առաջ են գալիս զարկի հաճախականության խախտումներ’’, ասում է նա:

Սամիր Քափադիան էլ ավելացնում է, որ վախի ու զայրույթի զգացումներ ունեցող հիվանդների մոտ մեծանում է արյան խցանման հնարավորությունը, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի` ինֆարկտի:

Ինչպես բժիշկներն են ասում, սրտին հասցված վնասվածքը որոշ դեպքերում բուժվում է: Սակայն որոշ դեպքերում էլ այն ավարտվում է մահվան ելքով:

Թեքսասի համալսարանի Առողջապահական կենտրոնն այժմ հետազոտում է հակաբիոտիկների մի տեսակ եւ շաքարախտի դեմ մի նոր դեղամիջոց, պարզելու համար, թե արդյոք դրանք կարող են կովիդի դեպքում կանխել սրտի վնասվածքը:

Հետազոտողներն այժմ հույս ունեն կլինիկական փորձարկումներ սկսել կորոնավիրուից ապաքինված անձանց շրջանում, պարզելու համար, թե որքան առողջ կերպով է նրանց սիրտը շարունակում աշխատանքը կովիդ 19 հիվանդությունը հաղթահարելուց հետո:

XS
SM
MD
LG