Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը մտադիր չէ խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից’’. Պետդեպարտամենտի խոսնակ


ԱՄՆ-ը մտադիր չէ Մոսկվայի կողմից թշնամական գործողությունների դեպքում խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Ջալինա Փորթերը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է բնութագրել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկա հարաբերությունները, Փորթերն ընդունել է, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները մնում են խնդրահարույց: ‘’Բայց դրան մենք իսկապես պատրաստ ենք’’, ասել է նա:

Ապագայում ԱՄՆ-ը կցանկանար ‘’կանխատեսելի ու կայուն’’ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, կարծում է Պետդեպարտամենտի պաշտոնյան: ‘’Բայց հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի վարքը, ակնհայտ է, որ մեր հարաբերություններում առկա են թշնամանքի տարրեր: Իսկ մենք դրանից չենք խուսափելու’’ ասել է նա:

Ըստ Ջալինա Փորթերի, ԱՄՆ-ը և գործընկեր երկրները ‘’պետք է հստակ կերպով հասկանան և պատասխանատվության ենթարկեն Ռուսաստանին իր վարքագծի համար, որը խախտում է պատասխանատու երկրների կողմից ընդունված շրջանակները’’:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին ‘’մարդասպան’’ անվանելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, Սպիտակ տան խոսնակ Փսաքին ասել է, թե Բայդենը չի զղջում Պուտինին այդպես բնութագրելու իր խոսքերի համար:

Հիշեցնենք, որ Բայդենը հայտարարել էր նաեւ, թե Պուտինը հոգի չունի եւ ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի համար Պուտինը բարձր գին է վճարելու:

Պուտինը Բայդենի այս հայտարարություններից հետո ասել է, թե ինքը Բայդենին առողջություն է մաղթում:

‘’Ես հիշում եմ, որ մանկության տարիներին վիճաբանության ժամանակ մենք սովորաբար ասում էինք, ‘’պետք է ճանաչենք մեկս մյուսին: Ու սա պարզապես մանկական խոսք չէ ու ոչ էլ կատակ’’, ասել է Պուտինը:

Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, թե Վաշինգտոնից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու քայլը այս պահին ամենաճիշտ պատասխանն էր:

Հիշեցնենք, որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները նորից սրվեցին Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից ու նրան ձերբակալելուց հետո:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գերատեսչությանը, ապա հարկ է նշել, որ նախարարությունը հայտարարել է, թե սպասում է Բայդենի խոսքերի վերաբերյալ բացատրություն:

Պուտինն իր հերթին ասել է, թե պատրաստ է առցանց ու հրապարակային զրույց ունենալ ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բայդենի հետ ուրբաթ կամ երկուշաբթի օրը:

Այս կոչին Սպիտակ տան խոսնակը պատասխանել է, ասելով, որ Բայդենն արդեն զրուցել է Պուտինի հետ, մինչդեռ կան այլ երկրների առաջնորդներ, որոնց հետ ԱՄՆ-ի նախագահը դեռեւս չի զրուցել:

XS
SM
MD
LG