Մատչելի հղումներ

Ինչ տվեց Թվիթերն իր գոյության 15 տարիների ընթացքում


2006 թվականն էր, երբ Թվիթերի համահիմնադիր Ջեք Դորսին հանդես եկավ թվիթերյան իր առաջին գրառումով: Այսօր դժվար է հավատալ, որ այդ օրից անցել է 15 տարի: Դժվար է հավատալ նաեւ, որ առաջին գրառումն առցանց աճուրդում այսօր արժե 2.5 միլիոն դոլար:

140 նիշ պարունակող այս միկրոբլոգն այդ օրից ի վեր վերածվել է հայտնի անձանց, աշխարհի առաջնորդների ու ակտիվիստների համար մի կարեւոր հարթակի, մի կարեւոր բարձրախոսի:

Ինչպես Թվիթերի մասին երկու գրքերի հեղինակ Դիրաջ Մըրթին է ասում, ‘’Սա կարեւոր հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լինել անկեղծ և շատ արագ ստանալ պատասխաններ, նրանք, ովքեր պատասխաններ կարող են ստանալ նրանցից, որոնցից գուցե այլ կերպ պատասխաններ չստանային’’:

Թվիթերի դերը սոցիալական ցանցերում կարեւորվում է այստեղ գրառումների արագ տարածման հանգամանքով:

Թվային տնտեսության Մասաչուսեթսի համալսարանի մասնագետներից Սինան Արալի խոսքերով օրինակ, ‘’Սեւամորթների կյանքը կարեւորվում է’’ շարժումը երբեք էլ չէր կարողանա ստանալ նման թափ, առանց Թվիթերի կիրառման:

Թվիթերն էր, որ դարձավ նաեւ Արաբական գարուն շարժման շարժիչ ուժը, շարժիչ ուժ Ռուսաստանում, Հոնկոնգում եւ Ուկրաինայում անցկացված բողոքի ցույցերի համար:

Սակայն անկաշկանդ ու անվերահսկելի խոսքի հարթակը դարձավ նաեւ դավադրությունների տեսության ու ապատեղեկատվության տարածման պատճառ: Ինչպես Սինան Արալն է ասում, երբ ուսումնասիրում են Թվիթերում անցած տասը տարիների գրառումները, պարզ է դառնում, որ սուտ լուրերը տարածվում են ավելի մեծ արագությամբ ու ավելի խորը հետք ու ազդեցություն թողնում, քան ճշմարիտ լուրերը: ‘’Ու ցավալին այն է, ասում է նա, որ քաղաքական ֆեյքերն ամենավարակիչն են’’:

Սանտա Քլարայի համալսարանի ինտերնետային էթիկայի ծրագրի մասնագետ Իրինա Ռաիկուի խոսքերով, հարկավոր է լավ մտածել այն հարցի վրա, թե ինչպես է հարկավոր գործել հաջորդ մի դոնալդ թրամփի վերելքի դեպքում:

Իսկ եթե այս հարցում չկան պետական օրենքներ, Թվիթերը ինքը պիտի ունենա իր պարունակությունը չափավորելու պատասխանատվություն:

Այսօր, հաշվի առնելով նշված հանգամանքները, կարելի է ասել, որ իր 15-րդ տարեդարձի օրն այս ընկերությունը, որը ժամանակին իրեն անվանում էր ազատ խոսքի հարթակ` ազատ խոսքի աշխարհում, այսօր պիտի լավ մտածի իրականում այդպիսին լինելու ու այդպիսին դառնալու ուղիների մասին:

XS
SM
MD
LG