Մատչելի հղումներ

Լարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ


Լարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Պուտինի փորձերի մասին:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից հրապարակված զեկույցի համաձայն, նախագահական անցած ընտրություններում Վլադիմիր Պուտինը հրահանգել է խանգարել Ջո Բայդենի թեկնածությանը, ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի:

Ջո Բայդենը Պուտինին է հղել սուր խոսքեր ու նրան անվանել ‘’մարդասպան’’ ու ավելացրել, որ վերջինս ‘’դրա դիմաց մեծ գին է վճարելու’’:

Սպիտակ տան խոսնակն էլ ավելացրել է, որ այս կապակցությամբ շուտով ավելի շատ մանրամասնություններ կներկայացվեն:

Կրեմլի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանում թունավորելու պատճառով, ԱՄՆ-ը չորեքշաբթի օրը հայտատարել էր դեպի Ռուսաստան մի շարք արտահանումների վրա դրված պատժամիջոցները խստացնելու որոշման մասին: Ընտրություններին միջամտելու փորձերի պատճառով էլ սպասվում են այլ պատժամիջոցներ: Այս ընթացքում Մոսկվան Վաշինգտոնից հետ է կանչում իր դեսպանին:

Ըստ ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի, Ռուսաստանը սուտ լուրեր ու մեղադրանքներ է ընտրություններից առաջ տարածել նախագահական թեկնածու Ջո Բայդենի մասին: Այդ նպատակի համար ռուսներն օգտագործել են ուկրաինացի գործակալների, որոնք աշխատել են Թրամփի ներքին շրջանակի հետ համագործակցելով, որոնց թվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Ապատեղեկատվություն տարածելու արշավները կարող են շարունակվել, քանի որ ամերիկյան հասարակության մեջ շարունակվում է բեւեռացումը:

Վիլսոնի կենտրոնը ներկայացնող վերլուծաբան Նինա Ջանկովիչն ասում է, թե ԱՄՆ-ի թշնամիները կիրառում են ‘’Սեւամորթների կյանքը նշանակություն ունի’’ շարժումը, կամ օրինակ արհեստական վիժեցումների ու հրազենի մասին օրենքները: ‘’Ռուսներն այս հարցերի շուրջ կարողանում են սրել մարդկանց միջեւ լարվածությունն ԱՄՆ-ում ու փորձում են այսպիսով թուլացնել ժողովրդավարական համարկարգի հիմքերը’’, ասում է վերլուծաբանը:

Ու քանի որ ԱՄՆ-ը ունի ռազմական ուժի ճնշիչ առավելություն, այս երկրի թշնամիները տրվում են կիբերհարձակումներին ու ապատեղեկատվություն տարածելու արշավներին:

Արեւմուտքի իր դաշնակիցների հետ համագործակցության արդյունքում ԱՄՆ-ը կարող է սրան պատասխան տալ ուժեղ պատժամիջոցներով, վիզաների ու բանկային համակարգերում սահմանափակումների եղանակով:

Սակայն, չնայած Բայդենի վարչակազմը պատրաստում է պատժիչ գործողություններ ընդդեմ Ռուսաստանի, բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են, թե կան բնագավառներ, որոնց շուրջ համագործակցությունը պիտի շարունակվի ռուսների հետ: Դրանց թվում են կլիմայական փոփոխությանը, Իրանի միջուկային ծրագրին, զենքերի վերահսկմանը ու մի շարք այլ հարցերի առնչվող բնագավառները:

XS
SM
MD
LG