Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առջեւ այսօր տնտեսությանը զարկ տալու եւ ներգաղթի աճող ալիքը կանգնեցնելու խնդիրներն են


‘’Օգնությունը գալիս է’’: Այսպես են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսն անվանել իրենց շրջագայությունը երկրի տարածքում, որի ժամանակ ներկայացնելու են տնտեսությանը զարկ տալու իրենց ծրագիրը: Հիշեցնենք, որ այդ ծրագրի համար Կոնգրեսը հաստատել է Բայդենի ներկայացրած 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի փաթեթը: Ըստ այդ ծրագրի, Ամերիկայի գրեթե յուրաքանչյուր բնակիչ կստանա 1,400-ական դոլար գումար, ինչպես նաեւ կստանան իրենց հարկերից մինչեւ 3,600 դոլարի վերադարձ` յուրաքանչյուր երեխայի համար:

Այս փաթեթի դեմ կողմ չի քվեարկել եւ ոչ մի հանրապետական կոնգրեսական: Նրանք պնդում են, որ այս հատկացումները չափից մեծ են եւ չունեն ճիշտ ուղղվածություն: Նրանք, ինչպես սենատոր Ջոն Բարասոն է ասում, ուզում են, որ վերաբացվեն դպրոցները, ծնողները վերադառնան աշխատանքի: ‘’Սակայն չենք ուզում միանալ դեմոկրատներին, որոնք ուզում են շահագործել այս ճգնաժամը’’, ասում է Բարասոն:

Դեմոկրատներն էլ մատնանշում են հասարակական հարցումների արդյունքները, ըստ որոնց, ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս իրենց ծրագրին:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի խոսքերով, հանրապետականների կողմից աջակցության բացակայությունը սահմանափակվում է միայն Վաշինգտոնում:

Իսկ Վաշինգտոնն այս պահին ունի մեկ այլ մեծ խնդիր իր առջեւ, թե ինչպես է հարկավոր կարգավորել երկրի հարավային սահմաններին միգրանտների աճող հոսքը: Մի բան, որի մեջ հանրապետականները մեղադրում են Բայդենին, քանի որ նա, ինչպես ասում են հանրապետականները, կասեցրել է ներգաղթի պայմաննեը խստացնելու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուժի մեջ մտցված օրենքները:

Դեմոկրատներն էլ պնդում են, թե Թրամփի այդ քաղաքականությունն էր, որն այսօր հանգեցրել է այս իրադրությանը:

XS
SM
MD
LG