Սիրիայում ուղիղ 10 տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմը մինչ այժմ մի քանի հարյուր հազար մարդու կյանք է խլել: Պատերազմի հետեւանքով այստեղից միլիոնավոր մարդիկ են տեղահանվել, կան հազարավոր վիրավորներ, մեծ է խեղված ընտանիքների թիվը:
Չնայած նագախահ Բաշար ալ Ասադը հայտարարում է հաղթանակի մասին, փոքր չէ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ պատերազմը պարզապես ‘’սառեցման’’ փուլում է, երբ ընդդիմադիր զինված ուժերի դեմ հաճախ են տեղի ունենում բախումներ Իդլիբի գավառում, որը մինչ այժմ գտնվում է ապստամբ ուժերի վերահսկողության ներքո: Սիրիայի 17,5 միլիոն ազգաբնակչության 4 միլիոնը բնակվում է այս գավառում:
Այստեղ ամեն շաբաթ են անցկացվում բողոքի ցույցեր ընդդեմ Ասադի կառավարության, ովքեր ասում են, թե իրենց հեղափոխությունն ընդդեմ Ասադի դեռ շարունակվում է:
Տարածքի մեծ մասը վերահսկում է Hay’at Tahrir al-Sham-ը, խմբավորում, որն իրեն համարում է սիրիական ազգայնական ընդդիմադիր խմբերի միավորում:
Սակայն այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից այն համարվում է ահաբեկչական կազմակերպություն`Ալ-Քաիդայի հետ նախկին կապերի պատճառով:
Խմբի նպատակը Ասադին և նրա միջազգային դաշնակիցներին Սիրիայից վտարելն է:
Ինչպես խմբավորման խոսնակն է ասում, իրենք ցանկանում են, որ Ասադի զորքերը, Իրանի զինյալներն ու ռուս զավթիչները դուրս գան Սիրիայից:
Թուրքիան նույնպես իր դերն ունի Սիրիայում, որը բացահայտ կերպով աջակցում է այս տարածաշրջանի ապստամբ մյուս խմբավորումներին: Ըստ վերլուծաբանների, ցանկացած ապագա քաղաքական կամ ռազմական արդյունք, ամենայն հավանականությամբ, կախված կլինի ընդդիմության կողմից հանդես եկող Թուրքիայի գործողություններից եւ Ասադին աջակից Ռուսաստանից ու Իրանից:
Ներկա պահին լայնածավալ պատերազմը քիչ հավանական է թվում, քանի որ դրա արդյունքում միլիոնավոր մարդիկ կարող են փախչել դեպի Թուրքիայի սահմանը, որտեղ արդեն իսկ կա 3,5 միլիոն սիրիացի փախստական: Եվ Թուրքիան կնախընտրեր կռվել ընդդեմ Ասադի և նրա դաշնակիցների, քան վերաբացել իր սահմանները նոր փախստականների առջեւ:
Բայց Իդլիբի բնակիչները ասում են, որ ստատուս-քվոն այստեղ, երբ միլիոնավոր մարդիկ քաղցած են ու անօթեւան, նույնպես մտահոգիչ հանգամանք է:
«Մենք կորցրել ենք ամեն ինչ: Ամեն ինչ: Քայքայված են մեր տնտեսությունը, կրթությունը և արդարադատության համակարգերը», ասում են բնակիչներից շատերը:
Մարդիկ, ովքեր այսօր բողոքում են քայքայված տնտեսության, կրթական համակարգի փլուզման ու արդարադատության չգոյության դեմ, այսօր հիշում են, որ տասը տարի առաջ իրենք ապստամբել էին հանուն ազատության ու արդարության:
Սակայն մարդիկ այստեղ այսօր այնքան տառապյալ վիճակում են, որ կարծես կորցրել են իրենց հոգին: