Մատչելի հղումներ

Էնթոնի Բլինքենը` Չինաստանի, Մեքսիկայի հետ սահմանի ու Եթովպիայի մասին


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մատնանշել է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Չորեքշաբթի օրը, հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բլինքենն ասել է, թե Ալյասկայում հաջորդ շաբաթ ինքը հանդիպում է ունենալու Չինաստանի ավագ դիվանագետների հետ: Այդ խոսքերից հետո կոնգրեսականների մտահոգություններին ի պատասխան, նա հայտարարել է, որ այն լինելու է մեկանգամյա հանդիպում:

‘’Պարբերական հանդիպումներ ունենալու համար հարկավոր են համապատասխան հիմնավորումներ: Ու եթե լինեն հիմնավորումներ, դրանք պետք է հիմնված լինեն մեր տեսակետների վրա’’, ասել է նա:

Նա ընդունել է երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականների այն տեսակետը, ըստ որի Չինաստանը ցեղասպանություն է իրականացնում Սինջանգի մահմեդական ույղուրների նկատմամբ:

Նա լսումների ժամանակ կոչ արեց Պեկինին թույլ տալ, որպեսզի այստեղ միջազգային կառույցներն իրականացնեն ստուգումներ: ‘’Եթե չունեն թաքցնելու ոչինչ, ուրեմն պետք է դռներն այստեղ բացեն միջազգային կառույցների առջեւ’’, հայտարարեց Բլինքենը:

Ինչ վերաբերում է Մեքսիկայից դեպի ԱՄՆ տեղափոխվելու նպատակ ունեցող միգրանտներին ու այն հարցին, թե ինչու է Բայդենի վարչակազմը չեղյալ հայտարարել Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ Թրամփի վարչակազմի կնքած պայմանագիրը, ըստ որի միգրանտները, մինչեւ թույլտվություն ստանալը, պիտի մնային Մեքսիկայի տարածքում, Բլինքենը տվեց անուղղակի պատասխան, ասելով, թե նախագահ Ջո Բայդենը վստահ է այն հարցում, որ ԱՄՆ-ը պիտի ունենա Մեքսիկայի հետ ապահով, կազմակերպված ու մարդկային արժեքներին համապատասխան սահման:

Պատասխանելով Եթովպիայի Թիգրայի շրջանում մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցին, Բլինքենը խստորեն դատապարտեց իր խոսքերով ասած ‘’էթնիկ զտումներն այնտեղ’’:

‘’Վարչապետ Ահմեդ Աբիյը ոգեշնչող առաջնորդ է, որն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի: Այժմ նա պետք է քայլեր իրականացնի ապացուցելու համար Թիգրայի շրջանի իր քաղաքացիներին, որ իրենք ստանում են պետության պաշտպանությունը’’, ասաց Բլինքենը:

Նրա խոսքերով, ինքը պարբերաբար է հեռախոսով զրուցում վարչապետ Աբիյի ու այդ տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների հետ, փորձելով գտնել քաղաքացիական անձանց դեմ բռնություններն ավարտելու ուղիներ:

XS
SM
MD
LG