Մատչելի հղումներ

Սենատոր Մենենդեսը կոչ է անում վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա


Այս օրերին ԱՄՆ-ում մեկնարկել է Ամերիկայի հայկական համագումարի ազգային առցանց համաժողովը: Ամերիկահայ և հայաստանյան շրջանակների հետ մեկտեղ համաժողովին մասնակցում էին ԱՄՆ օրենսդիրներ, որոնք իրենց խոսքն ուղղեցին առցանց համաժոովի ընթացքում

Համաժողովի առաջին օրը՝ մարտի 8-ին, ելույթով հանդես եկավ ԱՄՆ կոնգրեսական, Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ և հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Այդ օրվա քննարկումները, որոնք վարում էր Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Կրիկորյանը, նվիրված էին մարդու իրավունքների պաշտպանությանը ԼՂ հակամարտության համատեքստում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ԼՂ առկա մարդասիրական ճգնաճամին:

Իր խոսքում կոնգրեսական Շիֆը կոչ արեց պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները ոտնահարողներին: ԱՄՆ-ը պետք է պահանջի հայ ռազմագերիների և զոհվածների մարմինների անհապաղ վերադարձ, հայտարարեց կոնգրեսական Շիֆը: Նա նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախումբն աշխատանքներ է տանում այս ուղղությամբ՝ բանաձև ներկայացնելով այս հարցի շուրջ:

Բացի այդ, ԱՄն կոնգրեսականը կարևորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 101 անդամների ստորագրությամբ երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, որը հորդորում է Բայդենի վարչակազմին առաջնահերթ նշանակություն տալ Հայաստանին տրամարդվող օգնությանը և վերականգնել ԱՄՆ ակտիվ մասնակցությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերակատարությանը` կոնգրեսականը շեշտեց, որ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի ոչ ակտիվ ներգրավվածությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը հավատաց, որ կարող է անպատիժ իրականացնել հարձակում: «Հնարավոր էր խուսափել այս ողբերգական արդյունքից»,- շեշտեց Ադամ Շիֆը:

Նրա կարծիքով Վաշինգտոնը պետք է վերականգնի իր առաջնորդի դերակատարումն ու ժառանգությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ցուցաբերի մարդասիրական մեծ աջակցություն, պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքին:

Համաժողովի հաջորդ օրվա օրվա առաջին կեսին, որը վարում էին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Պարսամյանն ու գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ղարաբաղյան հետպատերազմյան իրավիճակին նվիրված քննարկմանն ամերիկահայությանն իր խոսքն ուղղեց նաեւ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս քննադատության ենթարկեց Թրամփի վարչակազմի արձագանքը ղարաբաղյան վերջին պատերազմին՝ շեշտելով, որ այն անգործության էր մատնվել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Երբ նախկին պետքարտուղարը փորձեց ներգրավվել, արդեն շատ ուշ էր, ասում է սենատոր Մենենդեսը:

՛՛Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի Բայդենի վարչակազմը շատ ավելի լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Մենք պետք է կանխենք Ադրբեջանի և Թուրքիայի հետագա ագրեսիան, ապահովենք ռազմագերիների ազատ արձակումը՛՛,- հայտարարեց Մենենդեսը:

Նրա կարծիքով Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը՝ հրաժարվելով վերադարձնել ռազմագերիներին: Նա կոչ արեց պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ օրենքին հետևելու ու բոլոր պահվող հայերին վերադարձնելու համար:

Սենատորը խոսեց նաև հետպատերազմյան Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի մասին՝ նշելով, որ տեղի ազգաբնակչությունը, հատկապես տեղահանվածները, շարունակում են բախվել հրատապ մարտահրավերների, ներառյալ սննդի, կացարանի և առողջապահության հետ կապված հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման խնդիրը՝ վստահեցնելով, որ հետևողական աշխատանքներ կտարվեն ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու ուղղությամբ:

Սենատոր Մենենդեսի կարծիքով Բայդենի վարչակազմը պետք է վերանայի ԱՄՆ-ի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նա մատնանշում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որը արգելում է ԱՄՆ-ի ուղիղ օգնությունն Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ամեն տեսակի շրջափակումներն ու ուժի կիրառումը ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: ՛՛Ադրբեջանի վատ վարքագիծը տարիներ շարունակ պարգևատրվել է 907-րդ բաժնի չեղարկմամբ և նախկին վարչակազմի օրոք ավելի քան 120 միլիոն դոլար ռազմական օգնությամբ: Պետք է վերջ դնել դրան՛՛ ,- նշել է դեմոկրատ սենատորը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին չերկարաձգել 907 բաժնի չեղարկումը և պատասխանատվության ենթարկել Բաքվին այս հարցի կապակցությամբ: Միացյալ Նահանգները չի կարող աջակցել կոռումպացված ավտորիտար ռեժիմին, որը հարձակվել է անմեղ քաղաքացիների վրա և մարդասիրական իրավունքի սարսափելի խախտումներ իրագործել, ասել է սենատոր Մենենդեսը:

Թուրքիայի մասին խոսելիս Մենենդեսն ընդգծում է՝ Թուրքիայի ագրեսիան նույնպես լուրջ սպառնալիք է հայ ժողովրդի համար: Նրա կարծիքով նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան չի հանդիսանում պատասխանատու դերակատար համաշխարհային ասպարեզում: Թուրքիան հուսալի դաշնակից չէ և ոչ էլ ժողովրդավարական երկիր, նշել է Մենենդեսը:

՛՛Ես կշարունակեմ ընդդիմանալ անվտանգության ոլորտի ցանկացած օգնությանը կամ զենքի վաճառքին Թուրքիային, որպեսզի ԱՄՆ-ը չնպաստի Թուրքիայի ագրեսիային՛՛,- հայտնում է Մենենդեսը:

Նա նաև կոչ արեց նախագահ Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնելով, որ իր առաջնորդությամբ այսօր Սենատում շրջանառության մեջ է դրվել ցեղասպանության ճանաչման կոչով նամակը, որին միանում են այլ սենատորներ:

Ամերիկայի հայկական համագումարի կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ, մասնավորապես, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնն ու Ջեքի Սփիեռը:

Հիշեցնենք, որ դեռևս իր նշանակման փուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրավոր պատասխանել է սենոտորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարքիի հարցադրումներին՝ կապված Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրվող օգնության, 907 բաժնի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու այլ հարցերի շուրջ:

Հայոց Ցեղասպանության մասին հարցադրմանը ի պատասխան Բլինքենը մասնավորապես նշել է. ՛՛Նախագահ Բայդենը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացել է սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:՛՛

Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ Բլինքենը արձագանքել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով իր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: ՛՛Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանքը` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:՛՛

Իր հերթին պատասխանելով Ադրբեջանին տրամադրվող օգնության և Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի մասին հարցադրմանը՝ Էնթոնի Բլինքենը շեշտել է. ՛՛Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո Բայդեն-Հարրիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության ոլորտի օգնությունը: Եթե հանգամանքները թույլ տան, Բայդեն-Հարրիսի վարչակազմը պատրաստ է հրաժարվել Ազատության Աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկումից: Հաստատման դեպքում պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը:՛՛,- արձագանքել է Բլինքենը:

Բացի այդ, Էնթոնի Բլինքենը խորը մտահոգություն է հայտնել անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողությունների և ընթացիկ մարդասիրական կարիքների վերբերյալ, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ: ՛՛Ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացնելու համար: Հաստատման դեպքում կհամագործակցեմ նաև Կոնգրեսի, USAID- ի, միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ ՄԱԿ-ի, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ` տարածաշրջանում մարդասիրական կարիքները բավարարելու համար:՛՛,- ասել է պեըտարտուղարն իր գրավոր պատասխանում:

Բլինքենն իր աջակցություն էր հայտնել Հայաստանին անվտանգության, ժողովրդավարական կառավարման ամրապնդման և տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: ՛՛Այս վերջին երկու ոլորտները կօժանդակեն Հայաստանի անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների ծավալումը՝ մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող մեր օգնության հարցը:՛՛,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը դեռևս իր նշանակման փուլում:

Facebook Forum

XS
SM
MD
LG