Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագիրը` վտա՞նգ Իսրայելի համար


Լարվածությունն Իրանի ու Իսրայելի միջեւ սկսեց սրվել այն բանից հետո, երբ Պարսից ծոցում հարձակման ենթարկվեց Իսրայելին պատկանող մի նավ, եւ երբ Իսրայելը, որպես պատասխան, Սիրիայում ռազմական գործողություններ իրականացրեց ընդդեմ իրանական թիրախների: Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունն այժմ հայատարարում է, թե գործելու են ահաբեկչության եւ միջուկային զենքի արտադրության հետ կապված որեւէ սպառնալիքի դեմ:

Իսրայելի ու Իրանի միջեւ հարաբերություններում լարվածությունը սրվում է այն պահին, երբ ԱՄՆ-ը ու եվրոպական երկրները փորձում են Իրանի հետ կազմակերպել միջուկային նոր գործարք կնքելու նպատակով բանակցություններ:

Հիշեցնենք, որ Իսրայելը կտրականապես դեմ էր Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրին, եւ ջերմորեն ողջունեց այդ գործարքից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումը:

Դրանից հետո Թրամփի կողմից հաստատված պատժամիջոցները մեծապես վնասեցին Իրանի տնտեսությունը: Սակայն ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա պատժամիջոցները չկարողացան դառնալ այն կանգնեցնելու գործոն: Իրանը շարունակեց ուրանի հարստացման աշխատանքները, եւ անցավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ուրանի հարստացման մակարդակի հարցում իրեն տրված սահմանագիծը:

Իսրայելում զինված ուժերի ու հետախուզության մի շարք պաշտոնատար անձինք են հավանություն տալիս Իրանի հետ նոր պայմանագիր կնքելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը, չնայած այս հարցում Իսրայելի կառավարության բողոքներին:

Ինչպես Իսրայելի խորհրդարանի անդամներից Օմեր Բար Լեւն է ասում, ինքը վստահում է Իրանում ՄԱԿ-ի դիտորդներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետախուզական կարողություններին:

Սակայն այն, որ Իսրայելը կարող է ոչ հեռու ապագայում ստեղծել ատոմային զենք, Իսրայելում մեծ խնդիր է համարվում:

Ինչպես վերլուծաբան Ամոս Յադլինն է ասում, Իրանն այդ եղանակով ցանկանում է դառնալ տարածաշրջանային գերպետություն: ‘’Նա դա անում է միջուկային կարողություններին զարկ տալու եւ Մերձավոր Արեւելքում հեգեմոն դեր ստանձնելու փորձերով, ինչի համար աջակցում է ահաբեկչական խմաբավորումներին Իրաքում, Սիրիայում, Լիբանանում եւ Եմենում’’, ասում է նա:

Իսկ երբ սրվում է լարվածությունն այս տարածաշրջանում, ԱՄՆ-ը հարձակում է իրականացնում Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող թիրախների դեմ` ազդարարելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի օրոք ամերիկյան մարտական առաջին գործողությունը:

XS
SM
MD
LG