Մատչելի հղումներ

Սենատի հանձնաժողովը քվեարկություն է անցկացնում գլխավոր դատախազի պաշտոնում Մերիք Գարլանդին հաստատելու առաջարկի շուրջ


Սենատի դատական հարցերով հանձնաժողովը երկուշաբթի օրը քվեարկություն է անցկացնելու արդարադատության նախարարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի ներկայացրած Մերիք Գարլանդին հաստատելու հարցով: Եթե հանձնաժողովը հավանություն տա Գարլանդի թեկնածությանը, ապա հարցը կդրվի Կոնգրեսի վերին պալատի լիագումար նիստի քննարկմանը:

Գարլանդին կողմ են թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները ՝ հաշվի առնելով դատախազի ու դատավորի պաշտոնում նրա երկար փորձառությունը:

Հաստատվելու դեպքում Գարլանդը կգլխավորի արդարադատության նախարարությունն այն ժամանակ, երբ իրավաբանական վարչությունը հետաքննում է հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակումը:

Գլխավոր դատախազի թեկնածուն խոստացել է վերակենդանացնել մարդու իրավունքների պաշտպանության բաժանմունքը, որը, ըստ քննադատների, Թրամփի կառավարման ընթացքում չի կարողացել արդյունավետ կերպով հետաքննել ոստիկանության կողմից իրականացված չարաշահումները:

Ի տարբերություն իր նախորդի` Ուիլյամ Բարի, որը Կոնգրեսում հայտարարել էր, թե համակարգային ռասիզմը չպետք է համարվի ամերիկյան արդարադատության համակարգը խարխլող հիվանդություն, Գարլանդը Սենատի լսումների ժամանակ նշել է, որ նման համակարգը չի ապահովում բոլոր ամերիկացիների իրավահավասարությունը:

Ակնկալվում է, որ Գարլանդի թեկնածությունը երկրի իրավաբանական վարչության պետի պաշտոնում կհաստատվի օրենսդիրների կողմից:

XS
SM
MD
LG