Մատչելի հղումներ

Հանրապետականների վեհաժողովում կենտրոնական դերը տրված էր նախկին նախագահ Թրամփին


Ֆլորիդայում շաբաթ օրն անցկացված Պահպանողականների քաղաքական գործառույթների վեհաժողովը լի էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներով:

Ամենամյա միջոցառումը, որը սովորաբար անցկացվում է Հանրապետական կուսակցության գաղափարները վեր հանելու նպատակով, այս տարի ամբողջովին նվիրված էր Թրամփին:

Վերջինս սուր քննադատության էր ենթարկում նախագահ Ջո Բայդընին, հայտարարում, որ Բայդենի կառավարման առաջին ամիսն ‘’ամենաաղետաբերն’’ է եղել այս երկրի որեւէ նախագահի կառավարման առաջին ամսվա համեմատ: ‘’Բայդենի վարչակազմն ապացուցել է, որ գործում է ընդդեմ աշխատատեղերի, ընդդեմ ընտանիքների, ընդդեմ սահմանների, ընդդեմ էներգիայի, ընդդեմ կանանց ու ընդդեմ գիտության’’, ասել է նա:

Ինչ վերաբերում է Բայդենին, ապա նա կիրակի օրն ընտանիքի հետ անցկացրել է իր հայրենի Դելավեր նահանգում: Իսկ Սպիտակ տունն էլ, ինչպես խոսնակ Ջեն Փսակին է ասել, ‘’չի ցանկանում երկար ժամանակ տրամադրել այն ամենի վրա, ինչի մասին խոսում է Թրամփը’’:

Իսկ Թրամփն ակնարկում է 2024 թվականին իր թեկնածությունը նորից դնելու հնարավորության մասին:

Նա բացառում է լիովին նոր կուսակցություն հիմնելու մասին լուրերը ու հայտարարում. ‘’Մենք ունենք Հանրապետական կուսակցություն, որը վերամիավորվելու է ու դառնալու է ավելի հզոր, քան նախկինում: Ես նոր կուսակցություն չեմ հիմնելու’’, ասել է նա: Թրամփը մեկ անգամ եւս կրկնել է հանրապետական այն կոնգրեսականների դեմ հնչեցրած իր նախորդ սպառնալիքները, որոնք քվեարկել էին իրեն իմփիչմենթի ենթարկելու առաջարկի օգտին: Ինչ վերաբերում է հունվարի սկզբին Կապիտոլիումի դեմ իրականացված գրոհին, ապա նա որեւէ խոսք այդ մասին չի ասել:

Վեհաժողովը, որը սովորաբար անցկացվում է մայրաքաղաք Վաշինգտոնում, այս անգամ հրավիրվել էր Ֆլորիդայում, որտեղ քովիդի դեմ գործում են միայն թույլ սահմանափակումներ: Հավաքի ժամանակ էլ ներկաներրը անտեսում էին այդ կապակցությամբ գործող կանոնները:

XS
SM
MD
LG